Հասարակություն 

Այ, ճենճ, դու էդքան չկաս, որ քեզ ուզենանք տեսնել․ Կարապետ Պողոսյանը՝ Իմ քայլի պատգամավորին

analitik.am

Նախօրեին Գյումրիի ոստիկանների կողմից գործարար Գարիկ Ուզունյանին ձերբակալելը քաղաքական հետապնդում է, ոմանք ոստիկանության միջոցով փորձում են Գյումրիի ընդդիմադիրների բերանը փակել: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Ուզունյանի ընկերը՝ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

Ներկայացնելով տեղի ունեցածը՝ Պողոսյանը նշեց, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան կենցաղային վեճ է եղել, որի մասնակիցները միմյանց հետ ծանոթ մարդիկ են, ուղղակի թյուրըմբռնում է եղել: Իրավիճակից փորձել է օգտվել իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը․ «Մենք Երևանում էինք, զանգեցին ասացին, որ  նա ֆեյսբուքում էշ-էշ դուրս է տվել։ Ի դեպ, այդ մարդու մականունը եզո է:

Հետո ոստիկանությունից զանգել են ու ասել՝ եկեք ներակայացեք։ Երբ վերադառնում էինք Գյումրի, հենց Երևանյան խճուղիում մեքենան կանգնեցրին ու ստուգեցին»,-ասաց նա և հավելեց, որ իրենք որևէ տեղ փախչելու մտադրություն չեն ունեցել՝ գնում էին Ոստիկանություն, իսկ ստուգող ոստիկաններն անգամ համազգեստով չեն եղել և որևէ վկայական ցույց չեն տվել:

«Այնպես էր, որ մտածում էինք ավազակային հարձակում է: Ստուգում էին․․․ հետո Գարիկին, բառիս բուն իմաստով, մեքենայից գողացան-տարան»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ոստիկանները պնդել են, թե իրենք չեն ներկայացել բաժին, որպեսզի ձերբակալման համար հիմքեր ունենան:

Պողոսյանը նաև նշեց, որ նույն գիշերը, ժամը 12-ից 15 պակաս հաղորդվել է, թե Գարիկ Ուզունյանին ձերբակալել են, սակայն նրան ձերբակալել էին դրանից 15 րոպե հետո։ Նա նկատեց նաև, որ ոստիկանությունում մինչ այդ է քրեական գործ սարքվել․ կարճ ասած՝ քաղաքական որոշում է եղել:

Իսկ թե ինչի հիման վրա էին ոստիկանները ձերբակալել Գարիկ Ուզունյանին, Պողոսյանն ասաց՝ օպերատիվ տվյալների, որը, իր համոզմամբ, պատգամավորի գրառումն է:

Նա նաև նշեց, որ միջադեպը ոստիկանությունը որակել է որպես խուլիգանություն, որպեզի կարողանան Գարիկ Ուզունյանին ձերբակալել: Իրավապաշտպանը շեշտեց, որ ձերբակալման պահին ոչ բողոք է եղել, ոչ ցուցմունք, իսկ Կարեն Սարուխանյանի գրառումից հստակ պատվերի հոտ էր գալիս:

«Սարուխանյան կոչվածն ընդհանրապես չգիտի, թե ինչ է պետությունը, պետության կառուցվածքն իր խելքի բանը չի, չի էլ կարող լինել»,-համոզված է իրավապաշտպանը։ Նրա բացատրելով այդ ամենը կապում են Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հուշահամալիրին պսակ դնելու հետ։ Սակայն հայտնի է, որ գործող և նախկին նախագահներն ունեն գրասենյակներ, որոնք զբաղվում են այդ հարցերով, կան հստակ արարողակարգեր:

«Ռ. Քոչարյանի գրասենյակը վերջին 11 տարին դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 07:30-ից մինչև ժամը 8-ը դնում է ծաղկեպսակը՝ համաձայն արարողակարգի»,-ասաց նա և հավելեց, որ Սարուխանյանը փորձել է ինչ-որ ձևով երկրորդ նախագահի նկատմամբ բաներ ասել՝ ընդամենը:

«Այսօր շատ-շատ անարժաններ, դասալիքներ, իրենց ոչնչությունն ինչ-որ ձևով դրսևորելու համար սկսում են կայացած, հերոս, կռված մարդկանց վարկաբեկել: Ես ու Գարիկը հասկանում ենք, որ նման մարդկանց հետ չարժի գլուխ դնել»,-ասաց նա:

Կարապետը նշեց, որ Սարուխանյանին անգամ ՔՊ-ականները են ճենճ ասում և դիմեց նրան. «Այ, ճենճ, դու էդքան չկաս, որ  քեզ ուզենանք տեսնել, դու քեզանից ոչինչ չես ներկայացնում»:

Նա նաև հերքեց, որ որևէ կերպ կապված է Ռոբերտ Քոչարյանի անունից պսակ տանել-դնելու հետ. «Ես Ռոբերտ Քոչարյանին կարող եմ շատ սիրել, հարգել, բայց նրա անունից չեմ կարող պսակ դնել»:

Իսկ թե ինչու են ընկել իրենց հետևից, իրավապաշտպանը բացատրություն ունի. «Մենք ընդդիմադիր ենք, բոլորի ճակատին ասում ենք, թե ինչ են ներկայացնում իրենցից»:

Պողոսյանը նշեց նաև՝ երբ Նիկոլը գալիս է Գյումրի, մարդիկ հենց երեսին են ասում այն ամենի մասին, ինչ մտածում են. «Իսկ նման քայլերով փորձում են ոմանց կոտրել: Գիտակցող մարդիկ շատ են ու հասկացել են, որ իրենք խաբված են: Ներկա իշխանությունները կապիկություններով արդեն չեն կարողանում իշխանություն պահել, փորձում են վախի մթնոլորտը հնարավորինս խորացնել՝ օրինակ՝ գործ կարելով»,-ասաց նա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից