Հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգում հարսնացուն չի սպասել ուշացած փեսացուին և ամուսնացել է ուրիշ տղամարդու հետ:
Զավեշտալի դեպքից 6 շաբաթ առաջ զույգը ոչ պաշտոնական հարսանիք է տոնել Նանգալյատ գյուղում, բայց աղջիկը չի ցանկացել տեղափոխվել փեսայի տուն, քանի որ ցանկացել է ֆորմալ արարողություն անցկացնել:
Սիրահար զույգի ընտանիքների միջև տարաձայնություններ են սկսվել: Փեսացուի հարազատները աղջկա ընտանիքից օժիտ են պահանջել՝ այդ թվում՝ գումար և հեծանիվ, որոնք սակայն վերջիններս չեն ցանկացել տալ:
Արդյունքում հարսնացուի հարազատները ծեծել են հյուրերին և փակել նրանց հարսանիքի անցկացման վայրում: Երկու կողմերն էլ դիմել են ոստիկանություն, սակայն արդյունքում հաշտվել են:
Այս ամենից հետո փեսացուն պաշտոնական հարսանիքից ուշացել է՝ նորից բարկացնելով հարսնացուին և նրա ընտանիքին: Արդյունքում աղջիկը չեղյալ է հայտարարել արարողությունը և գյուղի ավագների ներկայությամբ ամուսնացել մեկ այլ տղամարդու հետ: