Մենք խնդիր ենք դրել, որպեսզի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանի Հանրապետությունում, միջոցառումների կոմպլեքսը, որը պլանավորել ենք, հենց այդ նպատակն ունի: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեկ տարվա մեջ այդ հարցը չեն կարող լուծել, հետևաբար ամեն տարի այդ ավանդույթը պետք է ավելի մեծ ծավալներ ստանա:
Վարչապետը նշեց, որ կայանալիք միջոցառումներով նաև ցանկանում են խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան. «Հայաստանը տուրիզմի համար սեզոնայնություն չպետք է ունենա: Տարվա մեջ Հայաստանը 12 ամիս պետք է հետաքրքիր լինի տուրիստների համար»:
Փաշինյանը նաև նշեց, որ ցանկանում են որոշակի սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության տեսակետից. «Շատ է խոսվում այն մասին՝ արժե արդյոք այդքան գումար կազմել, երբ Հայաստանում բազմաթիվ սոցիալապես անապահով մարդիկ կան:
Միջավայրը, որը ստեղծվելու է հրապարակում, հենց առաջին հերթին ամենօրյա ավանդական ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալու, որպեսզի նրանք իրենց հնարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ Ամանորը նշեն հրապարակում:
Այդ հատվածում նաև աշխատելու են սննդի օբյեկտներ, արագ սննդի կետեր: Մարդիկ իրենց երեխաների հետ կարող են գալ հրապարակ, վաճառվելու են բրդուջներ, հոտ-դոգեր, համբուրգերներ:
Մարդիկ կարող են ուղղակի մեկ բրդուջով, մեկ բաժակ գին վերցնեն ու իրենց երեխաների հետ շրջեն այդ գեղագիտական միջավայրում, համերգ լսեն, այցելեն թանգարաններ: Բոլորովին նոր որակով միջավայր կարող են ստանալ իրենց ընտանիքի, ընկերների հետ Ամանորը նշելիս»: