ՌԴ աշխատանքի նախարարությունն ամանորյա տոների նախօրեին պաշտոնյաներին հիշեցրել է նվերներ ընդունելու արգելքի մասին՝ բացառելով այն նվերները, որոնք վերջիններս ստանում են պաշտոնական միջոցառումներին։ Սակայն այդպիսի նվերներն անհրաժեշտ կլինի հանձնել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչությանը։
Համապատասխան հիշեցմամբ գրություններն ուղարկվել են համապատասխան մարմիններին։
Եթե նվերն ընդունվել է ոչ պաշտոնական միջոցառմանը՝ այն համարվում է խախտում։ Այդպիսով, պաշտոնյաներին արգելվում է նվերներ վերցնել ենթականերից, այդ թվում՝ ոչ աշխատանքային ժամին, և նույնիսկ այն ենթականերից, ովքեր իրենց ընկերներն են։
Նախարարությունում շեշտել են նաև, որ արգելքի խախտումը կասկած է հարուցում այն որոշումների օբյեկտիվության վերաբերյալ, որոնք պաշտոնյաները կայացնում են իրենց պարտականությունների կատարման ընթացքում: Այս սխալ վարքը կարող է հանգեցնել աշխատանքից հեռացման, և եթե նվերը ճանաչվի որպես կաշառք, ապա քրեական հետապնդման։