Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանը զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից. Ալեն Սիմոնյանը նաև մի գաղտնիք բացեց

analitik.am

Հայաստանի Հանրապետությունը զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Քաղաքական առումով նրանք տասնամյակներ շարունակ ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է սպասարկեր իրենց: Այդ սպասարկման համակարգի մի մասն է եղել դատարանը, որը լիովին ստեղծված է եղել այդ ռեժիմը սպասարկելու համար: Դրա պատճառով էր, որ միջազգային կառույցները, լրագրողները խոսել են Հայաստանում քաղբանտարկյալների, Բաղրամյան 26-ից դատավորներին զանգահարելու մասին»:

Սիմոնյանը նշեց, որ այսօր դատական համակարգում խնդիր կա. «Դատական համակարգի գերակշիռ մասը ենթական է վերանայման: Մենք փոխեցինք իշխանությունը, հետո խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ: Դուք հիշում եմ հոկտեմբերի 2-ը, երբ փորձ արվեց կանգնեցնել համաժողովրդական շարժումը, հեղափոխությունը: Ես մի գաղտնիք կբացեմ: Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ Ազգային ժողովի բակում տոնակատարություն էր տեղի ունենում խորհրդարանի 100 ամյակի հետ կապված: Այնտեղ ՀՀԿ-ի պատգամավորներից երկուսն ասացին, որ քիչ է մնացել՝ «մենք ձեզ թերագնահատեցիք, հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե ինչ կլինի մի քանի օր անց»: Ես չեմ ուզում նրանց անունները տալ: Ես այն ժամանակ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, սակայն հետո եղավ հոկտեմբերի 2-ը»:

Սիմոնյանի խոսքերով, դատական համակարգում խնդրի մասին փաստում են բոլորը, այդ թվում նաև դատավորները, սակայն երբ քայլ է արվում խնդիրը լուծելու համար, ասում են, թե իշխանություններն իրենց հաճո դատական համակարգ են ուզում:

ԱԺ փոխխոսնակն ամեն դեպքում նշեց, որ կան պարկեշտ դատավորներ. «Մենք ուզում ենք ստեղծել դատական համակարգ, որը կգործի որպես իշխանության երրորդ ճյուղ»:

Նույն շարքից