Նախագծի ընդունումը բխում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից: Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի (հարց համար 47) քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն:
«Մենք պետք է արձանագրենք, որ որքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է Հայաստանում, բայց ամեն դեպքում մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք այնուամենայնիվ լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Հարցի քննարկման համատեքստում ես հիշեցի Թումանյանի հայտնի պատմվածքը, թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքարը պակասեց: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան:
Մենք կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության: Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացմանը թեկուզ տեղային ճանապարհով, այլ տեղ կհասնենք, քանի որ ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց՝ ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ և այսպես շարունակ: Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է լինի, այդ թվում՝ երեխաների: Որտեղ երեխաների նկատմամբ բռնություն կա, պետությունը միջամտելու իրավունք ունի: Նույնը վերաբերում է կանանց մասով: Որևէ մեկի նկատմամբ բռնությունը չպետք է գործադրվի»,-ասաց Փաշինյանը: