Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը խոսեց Ստամբուլյան կոնվենցիայի մասին

analitik.am

Որոշ հարցերի վերաբերյալ մեր կեցվածքն ինձ դուր չի գալիս: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Օրինակ Հայաստանում արդեն երկար ժամանակ մարդիկ բռունցք են թափ տալիս, որ կառավարությունն ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել: Գուցե դա կապված է կոնվենցիայի տեղորոշման հետ»:

Ապա Փաշինյանը դիմեց Արդարադատության նախարարին՝ ճշտելու համար՝ ստացա՞վ Հայաստանը միջազգային իրավական գնահատական, թե ում նկատմամբ բռնությունը կանխելուն է ուղղված կոնվենցիան:

Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքն է ստացվել. «Բոլոր շահարկումներն անտեղի են: Կոնվենցիային կարգավորման առարկան ներկենցաղային հարաբերություններն են: Խոսքը ոչ միայն ընտանիքի անդամների մասին է: Կարող է նկատի ունենալ ավելի լայն հարաբերությունները՝ տատը՝ թոռան նկատմամբ, կամ՝ հակառակը, կամ համատեղ կենցաղ վարող, սակայն ամուսնությունը չգրանցած անձանց: Սա չի վերաբերում միասեռականների ամուսնության օրինականացմանը կամ երեխաների որդեգրմանը»:

Վարչապետի խոսքերով, Հայաստանում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի.  «Մեկը մյուսի հետ նույնիսկ կապ ունեն: Բռնության դեմ պայքարելու համար մենք չպետք է սպասենք, որ այն տեղի ունենա: Ինչպես կոռուպցիայի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է կանխարգելումը: Անկախ որևէ կոնվենցիայից, Հայաստանում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում բռնության ոչ բոլոր դեպքերն են ստանում դատական եզրափակում, ոչ բոլոր դեպքերում են քրեական գործերը քննվում պահանջված կարգով. «Մենք պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը Հայաստանում համարվում է քրեական հանցագործություն, որովհետև քաղաքացին պետք է պաշտպանված զգա իրեն»:

Նույն շարքից