Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Վարչապետի կաբինետում գիտե՞ք ինչ խոսակցություներ են եղել. Նիկոլ Փաշինյանը զայրացավ նիստի ժամանակ

analitik.am

Որ ասում ենք ռազմավարություն, հայեցակարգ…եկեք լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք պետական համակարգում պոտենցիալ ունենք այդ ռազմավարությունները մշակելու համար: Մեկ-մեկ նախարարություններից թղթեր են գալիս, կարդում ես ու հարցնում՝ էս որ դասարանի երեխա է գրել: Կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, եթե այսօր անհրաժեշտ մասնագետներ փնտրելու անհրաժեշտություն լինի, շատ բարդ կլինի գտնել որևէ մեկին, քանի որ դպրոցներում այլ բաներ են սովորեցնում՝ աշակերտներին կանգնեցնում են տաբուրետկաների վրա և ստիպում են, որ նույն բանաստեղծությունները մի քանի անգամ արտասանեն՝ դա անելով ավելի հայրենասիրական ձևով. «Շատ ավելի հայրենասիրական արտասանի, որ ՀՀ վարչապետը, նախագահը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես: Այդ համակարգ ստեղծողները բողոքում են, թե ինչու ենք ուզում կիբերնետիկայի ֆակուլտետից Հայոց լեզուն հանել: Ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու են Հայաստանի դիմորդների 99 տոկոսն ուզում գնալ Անգլիա սովորելու: Չեն հարցնում՝ այնտեղ Հայոց լեզու սովորո՞ւմ են, թե՝ չէ: Եթե չեն սովորում, ոնց ենք թույլ տալիս, որ գնան: Դե ուրեմն եկեք արգելենք»:

Փաշինյանը հայտարարեց, որ դպրոցում պետք է աշակերտները Հայոց լեզուն ու Պատմությունը սովորեն այնքան, որքան անհրաժեշտ է հետագա կյանքում. «Եկեք թեսթ անենք մեր պետական կառավարման համակարգում: Մենք էլ մեզ դրել ենք սկզբունքայինի տեղ: Ի՞նչ գիտնականի մասին խոսում ես, պարզվում է, որ դիսերտացիայի կեսը կեղծ է: Վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս: Այս կեղծիքի միջավայրում մենք ինչքան ենք կարողանալու ապրել»:

Կառավարության ղեկավարի խոսքերով, այսօր ինչ հաջողություն գրանցվում է, դա արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի. «Վարչապետի կաբինետում խոսակցություններ են տեղի ունեցել, ասել են՝ այդ ատկատները որ փակում եք, դրա արդյունքում տնտեսական կոլապս է տեղ ունենալու, որովհետև ավել լավ է կապիտալ ծախսերն ինչ-որ կերպ արվի, որպեսզի փողն ինչ-որ տեղ պտտվի: Մեր բոլոր արդյունքներն այսօր ի հեճուկս բոլոր նախարարությունների է, ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Հերիք ա էս կեղծիքի մեջ գալ ու ինչ-որ բան անել»:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ևս տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի. «Իրավապահները միշտ պատճառներ ներկայացնում են: Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այդ դիմադրությունը ես ջարդելու եմ: ՀՀ ժողովուրդն ինձ ձայն է տվել, մեր քաղաքական ուժին ձայն  է տվել, որ մեր երկրում փոփոխություններ լինեն»։

Բուռն բանավեճից հետո ռազմավարությունն ի վերջո ընդունվեց։

Նշենք, որ ռազմավարությունն այդ տեսքով ընդունելուն դեմ էր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախ բանավեճը տեղ ունեցավ նախարարի ու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի միջև, ինչից հետո հարցին միջամտեց վարչապետը:

Նույն շարքից