Հասարակություն 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:

Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրության Ազգային Պատգամավորական ժողովի ատենապետ Խաչիկ Ճանելը և ատենադպիր Արետ Քարապուլութը պաշտոնական գրությամբ Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են ժողովի արդյունքների վերաբերյալ և հայցել Նորին Սրբության աղոթքն ու օրհնությունը նորընտիր Հայոց Պատրիարքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում ասված է.

«Ամենապատիվ Պատրիարք Սրբազան,

Գոհունակությամբ տեղեկացանք, որ Կ. Պոլսում գումարված համագումար ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրել է Ձեզ՝ որպես Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարք:

Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով:

Ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ավանդաշատ համայնքում՝ Դուք մանկուց կրթվել ու դաստիարակվել եք աստվածսիրությամբ, եկեղեցասիրությամբ ու ազգասիրությամբ, որոնք բնորոշ հատկանիշներն են պոլսեցի հավատավոր Մեր ժողովրդի:

Գոհունակությամբ ենք անդրադառնում, երբ տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջև ծնրադրումով, ստանձնեցիք եպիսկոպոսական բարձր իշխանությունը և նոր հանգամանքի մեջ շարունակեցիք տերունապատվեր Ձեր ծառայությունը՝ որպես Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ: Արդարև, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանավորվեցին արդյունաշատ գործունեությամբ: Շնորհիվ Ձեր հոգևոր, աստվածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասեր ոգով այսօր սպասավորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում:

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը ուժ ու կարողություն պարգևի Ձեզ՝ ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության hոգևոր առաքելությունը` ի պայծառություն Մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Կ. Պոլսի հավատացյալ Մեր  ժողովրդի զավակների: Թող Տերը օգնական և զորավիգ լինի Ձեզ՝ շնորհելով քաջառողջ արևշատություն  և  հաջողություններ  հոգևոր Ձեր ծառայության մեջ:

Սիրով սպասում ենք՝ որպես Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատվության անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից