ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված իրական քայլերից, զինվորական ծառայության զորակոչից խուսափող անձանց թիվը չի նվազել։
Դ․ Տոնոյանը հայտնել է, որ ներկայումս սահմանված կարգի խախտմամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափողների թիվը կազմում է շուրջ 22 հազար մարդ։
Սրանով հանդերձ, կառավարությունը, ըստ էության, բացասական եզրակացություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատերլու մասին օրենքի նախագծին, ինչը նշանակում է, որ․ ս․թ․ դեկտեմբերի 31-ից հետո նշված օրենքը կորցնելու է իր ուժը, և այն բոլոր քաղաքացիները, ովքեր կարող էին նշված օրենքի իրավակարգավորումների արդյունքում համապատասխան վճարներ կատարելուց հետո ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազտորում, կզրկվեն այլևս այդ հնարավորությունից։
Մի կողմից սա շատ լավ որոշում է, որով, ըստ էության, փակվում է այս եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու ճանապարհը, մյուս կողմից, սական, 22 հազար քաղաքացիների խնդիրը մնում է չլուծված։
Ակնհայտ է, որ այսքան մարդու քրեական պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ։
Ոչ մի հնարավորություն չտալով նրանց, մենք նրանց ընդմիշտ զրկում ենք Հայաստան վերադառնալու հնարավորությունից։
Ցանկացած պարագայում Հայաստանի կառավարությունը պարտավոր է գտնել որևէ կարգավորում այս մարդկանց խնդիրը 2020թ․ հունվարի մեկից լուծելու համար։
Համաձայն եմ, որ այս օրենքը զինվորական ծառայությունից խուսափելու պատուհան էր ստեղծում, նաև ինչ-որ տեղ նպաստում էր արտագաղթին։
Որպեսզի այդ սողանցքը բացառվեր, կարելի էր օրենքով սահմանել այնպես, օրենքը տարածվում է, ենթադրենք մինչև 2010թ․ հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած անձանց վրա։
Սա հնարավորություն կտար նվազեցնելու նաև արտագաղթը, քանի որ մարդիկ կգիտակեցին, որ անկախ նրանից, մեկնու՞մ են ՀՀ-ից, թե՞ ոչ, իրենց երեխաները չեն ազատվելու պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։
Փաստաբան Նորայր Նորիկյան