Հասարակություն 

Խնդիր չկա. Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո կարող է ասուլիս տալ

analitik.am

Եթե հիշում եք, երբ առաջին անգամ խափանման միջոցը փոխվեց, նման փորձ արեցինք, բայց իշխանության ամենամտերիմ շրջանակի մարդիկ, որոնք հայտարարվեցին ժողովուրդ, եկան ու ասուլիսը, այսպես ասած, ժողովրդի անունից տապալեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հանդիպել լրագրողների հետ, եթե նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ամեն դեպքում փոխվի և նա ազատ արձակվի:

Սողոմոնյանն ասել է, որ պատրաստակամության մասով որևէ խնդիր չկա. «Դուք տեսնում եք, որ նախագահը նույնիսկ կալանքից հարցազրույցներ է տալիս, լրագրողների հետ շփման մասով որևէ խնդիր չկա: Տեխնիկապես կլուծենք  հարցը, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքերով, վերջինս խնդիր չունի և պատրաստ է շփվել բոլոր լրատվամիջոցների հետ. «Հուսով եմ, որ ապօրինի կալանքը շուտով կվերացվի և այդ հնարավորությունը կստեղծվի»:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր մայրիկից դպրոցի տարածքը վերցնում են, Սողոմոնյանն ասել է, որ առաջին անգամ է նման բան լսում:

Նույն շարքից