Քաղաքականություն 

Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի անցկացման գործում ՀՀ իշխանությունները զրո դեր ունեն. քաղաքագետ

analitik.am

ԱՄՆ Սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը: Ինչ է հետևելու այս փաստին և արդյոք կարող ենք ասել, որ սա վերջնական հաղթանական է։ Analitik.am-ը վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ:

Սարգսյանի խոսքերով Սենատում այս ձևաչափով 30 տարի առաջ ևս եղել են հայտարարություններ, տեքստեր, բանաձևեր, որտեղ հիշտակվել է Հայոց Ցեղասպանության մասին․ «Այս ձևաչափով՝ ՀՀ անկախությունից հետո չի եղել: ԱՄՆ օրենսդիր երկու պալատները ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը. սա շատ կարևոր իրողություն է»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ օրենսդիրների մակարդակով ընդունված փաստից հետո հայ համայնքը, հայ լոբբիստները պետք է աշխատեն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, որպեսզի ԱՄՆ նախագահն իր ուղերձներում՝ Հայոց ցեղասպանության դեպքերը մեկնաբանելիս, օգտագործի Ցեղասպանություն եզրույթը:

Սարգսյանը վստահ է, որ մեկ նախադեպն ԱՄՆ նախագահի կողմից բավական է, որ Ցեղասպանություն եզրույթը կիրառվի նաև հետագայում:

Ինչ վերաբերում է  թուրք-ամերիկյան հարաբերություններին, ապա քաղաքագետը նշեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները բարդ շրջան են ապրում և Վաշինգտոնում Թուրքիային պաշտպանելը կամ Թուրքիայի շահերին կողմ արտահայտվելն անշնորհակալ գործ է: Այս իրավիճակը թուրք լոբբիստների համար բարդ իրավիճակ է ստեղծել, որից էլ օգտվեցին հայ լոբբիստները:

«Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում Հայաստանի իշխանությունենրի դերը զրո է։ Ամերիկացի պաշտոնյաների հետ փակ հանդիպումներում մեկ-երկու նախադասություն հնարավոր է փոխանակած լինեն, սակայն շոշափելի ոչինչ չի արվել»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքերով սա ամերիկյան ներքաղաքական գործըթաց էր, և ներքաղաքական գործընթացին չէին կարող խառնվել, իսկ ԱՄՆ հայազգի քաղաքացիները կարող էին և խառնվեցին․ «Եթե ՀՀ իշխանությունենրը ցանկանային, ապա կարող էին պրոֆեսիոնալ լոբբիստներ վարձել՝ հայկական շահերի առաջմղման համար»։

«ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն ունեցել ոչ քաղաքական, ոչ բարոյական ազդեցություն այս բանաձի անցկացման վրա։ Եթե ցանկանային ունենալ՝ մեխանիզմներ կգտնեին»,-վստահ է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հայազգի ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանին, ով քննարկումից առաջ Ինսթագրամի իր էջում կոչով դիմել էր իր հետևորդներին, Սարգսյանը նշեց, որ Քարդաշյանի կոչերից հետո Սենատը հազարավոր զանգեր է ստացել, զանգեր է ստացել նաև նախկինում Հայոց Ցեղասպանության բանաձևի վրա վետո դրած սենատորը:

«Քիմ Քարդաշյանը ակտիվ է եղել Հայոց Ցեղսասպանության ճանաչման գործում և մեր կազմակերպությունները նրան հատուկ շնորհակալություն են հայտնել»,-հավելեց քաղաքագետը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից