Քաղաքականություն 

Ադրբեջանը կամ ընկալելու հետ խնդիր ունի, կամ էլ չի ուզում ընկալել․ Աննա Նաղդալյան

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ ներկայացվել է: Վերջին անգամ դա արվել է Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի ելույթի ժամանակ: Նախարարը մասնավորապես նշել է, որ հակամարտության կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է իրականացվի առանց սահմանափակման և հարկադրման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները:

Նաղդալյանի խոսքերով, «առանց սահմանափակում» ասելով՝ նկատի է առնվում այն, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ. «Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել ու սահմանել իր կարգավիճակն Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, իրավասությունից դուրս»:

«Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,-ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը. «Օրինակ Ադրբեջանի նախագահը վերջերս հայերին մեղադրեց Սումգայիթում հայերի ջարդերի կազմակերպման մեջ: Նման միջավայրում ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը»:

«Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է ու Արցախի անվտանգությունը ենթական չէ զիջման: Չի կարող լինել իրավիճակ, որ Արցախի ժողովուրդը մնա պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության գծերի, ինչի մասին նախարարը խոսել է Բրատիսլավայի իր ելույթում: Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ որոշակի խնդիրներ ունի, կամ պարզապես չի ցանկանում ընկալել: Այս պարագայում նրանք լավ ընկալում են հայկական կողմի դիտարկումները, սակայն ձևացնում են, որպեսզի կարողանան արդարացնեն իրենց առավելապաշտական դիրքորոշումը: Ես ստիպված եմ նորից կրկնել, որ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու, իսկ հակամարտության չկարգավորման  հիմնական պատճառն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է»,-ասաց նա:

Նույն շարքից