Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի խոսնակի կայքի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «թավշե դիմակով» Սերժ Սարգսյանն է

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հիմնած և նրա կողմից համակարգվող Newarmenia.am կայքը, որը հիմնականում զբաղված է ընդդիմախոսների դեմ տարատեսակ արտահոսքեր կազմակերպելով, երեկ մի ուշագրավ նյութ է հրապարակել: Newarmenia.am-ը գրել է, որ «Սերժ Սարգսյանի օրոք շինծու գործով մեղադրված և կալանավորված, ապա՝ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո խափանման միջոցի փոփոխմամբ ազատության մեջ հայտնված Արթուր Մովսիսյանին հենց հիմա նորից բանտ են տանում․ «Ըստ թավշե դիմակով վերադարձած Սերժ Սարգսյանի դատավճռի՝ Արթուր Մովսիսյանը պետք է բանտում անցկացնի ևս 3 ամիս 14 օր»:

Փաստացի, Վլադիմիր Կարապետյանի կայքը պնդում է, որ հեղափոխություն չի եղել, իսկ Նիկոլ Փաշինյանը «թավշե դիմակով» Սերժ Սարգսյանն է:

Նշենք, որ կայքի հրապարկումը վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի գործով տարիներ առաջ ձերբակալված, ապա ազատ արձակված Արթուր Մովսիսյանի գործին, որն, ի դեպ, հենց երեկ՝ դեկտեմբերի 13-ին,  ազատ է արձակվել՝ համաներման տարածման արդյունքում: Մինչդեռ, Վլադիմիր Կարապետյանի կայքում առկա է միայն հեղափոխությանը հայհոյող այս հրապարակումը, իսկ Արթուր Մովսիսյանի ազատ արձակման մասին ոչինչ չկա: Ըստ ժամանակագրության, այս նյութին հաջորդել է Մովսիսյանի ազատ արձակումը: Չի բացառվում, որ դատարանի՝ Արթուր Մովսիսյանի նկատմամբ համաներում կիրառելու որոշման վրա ազդել է ՀՀ վարչապետի խոսնակի կայքի հրապարակումը, քանի որ սա բացահայտ ճնշում է, և բոլորը գիտեն, որ կայքով զբաղվում է անձամբ Վլադիմիր Կարապետյանը։ Այն, թե ինչու է Փաշինյանի գումարներով պահվող այս կայքը վարկաբեկում հեղափոխությունն ու դատական իշխանությանը, բազմաթիվ այլ ենթադրությունների տեղիք է տալիս:

Հավելենք, որ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Newarmenia.am կայքը հիմնել է վերջերս՝ 2019թ.-ի հունիսի 7-ին:

Կայքի խմբագիրը ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Դավիթ Պետրոսյանն է, ով վերջերս է ՊՈԱԿ-ից Կարապետյանի կայքի աշխատակազմ տեղափոխվել: Լուսանկարում Դավիթ Պետրոսյանն է Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և կառույցի այլ աշխատակիցների հետ, որոնք, ի դեպ, հաճախ են որպես «անկախ փորձագետ» ներկայանում հանրության առջև:

 

Նույն շարքից