Հասարակություն Քաղաքականություն 

Հայտնի թուրքեր, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Թուրքիան քննադատաբար է ընդունել դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ այն անվանելով անպատասխանատու քայլ:

Սակայն որքան էլ զարմանալի է, կան թուրք պաշտոնյաներ և պատմաբաններ, որոնք ժամանակին ոչ միայն հիվանդագին չեն ընդունել այդ փաստը, այլև ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ըստ Ռուսարմինֆո կայքի՝ այդ թուրք գործիչներից է Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգուտ Օզալը, որը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ելույթով: Նա մահացել է 1993 թ. արտասովոր հանգամանքներում:

ԽՍՀՄ-ի փլուզման շրջանում Օզալը հաճախ է հանդիպել ԱՄՆ-ում հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ փորձելով վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի միջոցով:

1991 թ. Օզալը Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հնարավորության մասին: Այդ շրջանում թուրքական մամուլում տեղեկատվություն է հայտնվել «Վան» պրոյեկտի մասին, ըստ որի՝ Վանի տարածքը նախատեսվում էր վերադարձնել Հայաստանին:

Հաջորդ թուրքը, որը նույնպես բացահայտ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, թուրք գրող Օրհան Պամուկն է:

«Թուրքիայում սպանվել են միլիոնավոր հայեր և 3 հազար քուրդ: Դրա մասին ոչ ոք չի խոսում, և ինձ էլ ատում են նրա համար, որ ես բարձրաձայնում եմ», - ասել է Պամուկը 2005 թ. իր հարցազրույցներից մեկի ժամանակ:

Դրանից հետո հալածանք է սկսվել Պամուկի նկատմամբ, և նա 2007 թ. Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո ստիպված է եղել տեղափոխվելու ԱՄՆ:

2011 թ. թուրքական դատարանը վճռել է, որ Օրհան Պամուկը պետք է տուգանք վճարի բոլոր այն անձանց, ում վիրավորել է իր արտահայտություններով:

Հայոց ցեղասպանության ընդունման ջատագովներից է նաև թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որը 2016 թ. գրել է «Նաիմ Էֆենդու հուշագրություններն ու Թալեաթ փաշայի հեռագրերը գիրքը», որտեղ կան բազմաթից փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերը 20-րդ դարասկզբին մտադրված ոչնչացրել են հայերին:

2018 թ. Աքչամը մեկ այլ գիրք է հրատարակել՝ «Սպանության հրամաններ: Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը»:

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Աքչամը մեկնաբանել է որպես պատմական որոշում ոչ միայն հայերի, այլև թուրքերի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են հանուն արդարության:

Թուրք լրագրող, հասարակական գործիչ և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը նույնպես ընդունում է Մեծ եղեռնի փաստը:

Նախապես Ջեմալը հերքել է Հայոց ցեղասպանությունը, սակայն հետագայում ուսումնասիրելով պատմությունը՝ միացել է ճանաչողներին:

«Ապրիլի 24-ին ես կիսում եմ ցեղասպանության ցավը, իմ հայ եղբայրների ցավը», - գրել է Ջեմալը 2017 թ. թվիթերյան իր էջում:

Ջեմալը Հայաստանում եղել է մի քանի անգամ և այցելել է Ծիծեռնակաբերդ հուշարձան: 2012 թ. նա հրատարակել է «1915 թվական. Հայոց ցեղասպանություն գիրքը»:

Հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը այն եզակի թուրքերից է, որը նույնպես հալածվել է իր ազգակիցների կողմից: Շաֆաքին մեղադրել են Հայոց ցեղասպանության թեման շոշափող իր «Ստամբուլի բիճը» վեպում թուրքերին անպատվելու համար:

«Ես գրել եմ ազգային փոքրամասնությունների մասին և ցանկացել եմ անդրադառնալ նախորդ հարյուրամյակի անբացատրելի ողբերգությանը, ցանկացել եմ պատմել հայերի ցեղասպանության մասին, կիսել ժողովրդի հետ նրանց ցավը և փորձել կամուրջներ կառուցել», - պատմել է Շաֆաքն իր վեպի մասին:

2006 թ. Շաֆաքի գիրքը զանգվածաբար տարածվել է ամբողջ Թուրքիայով, սակայն ազգայնաբար տրամադրված թուրքական ԶԼՄ-ները խստորեն դատապարտել են վեպը, իսկ հեղինակի դեմ հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից