Գլխավոր Հասարակություն 

Եկեք հայհոյելուց առաջ ուշադիր կարդանք. Ինչ է իրականում ասել Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ եպս. Մաշալյանը

analitik.am

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր էջում գրում է.

«Եկեք հայհոյելուց առաջ մի երկու անգամ ուշադիր կարդանք, թե ինչ է ասել Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ եպս. Մաշալյանը (ընդգծումներն իմն են).

«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք: ...

Մաշալյանը հույս է հայտնել, որ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՆՔԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԼՈՒԾԵԼ ԱՅՍ ՀԱՐՑԸ, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։ «Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը:- Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ ԲԱՅՑ ՔԱՆԻ ՈՐ ԴԱ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»:

Պոլսո հայոց պատրիարքը չի՛ կարող խոսել պայմանական դաշնակցականի բառապաշարով, չի՛ կարող խոսել հայկական ազգայնականության դիրքերից, էդ դեպքում ինքն ուղղակի պատրիարք չի լինի:
Իսկ «Սաբահ»-ին տված հարցազրույցում մարդը համարյա բառացի ասում է Թուրքիայի իշխանությանը՝ լուծե՛ք ձեր հարցերը հայերի հետ, ճանաչ՛եք ցեղասպանությունը, թույլ մի՛ տվեք, որ երրորդ երկրները օգտագործեն դա ձեր դեմ՝ հանուն իրենց շահերի»:

Ավելի վաղ Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ասել էր, թե չի կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։

«Տարբեր խորհրդարաններում շարունակ որոշ օրինագծեր են անցնում։ Բայց դրանցում չկա այնպիսի բան, որ կոնկրետ մեզ վերաբերվի եւ անհրաժեշտ լինի մեր միջամտությունը։ Մեզ տխրեցնում է, որ այս հողերում 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը այլ երկրների խորհրդարաններում ռազմավարական, տնտեսական եւ քաղաքական ճնշման գործիք են օգտագործում»,–նշել է Մաշալյանը՝ շեշտելով, որ իրենց նպատակն է, որպեսզի նույն հողերում տեղի ունեցածի մասին խոսեն հենց այդ հողերում ապրողները։

«Հատկապես թող կարգավորվեն հայ–թուրքական հարաբերությունները, Թող կողմերը խոսեն։ Երբ կողմերը չեն խոսում, երրորդ եւ չորրորդ կողմերն են խոսելու իրավունք ձեռք բերում։ Երանի հայ–թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները կյանքի կոչվեին։ Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Այս ամենը մեկնաբանելը քաղաքագետների հարցն է»,-նշել էր Մաշալյանը։

 

 

Նույն շարքից