Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ինքն է Երևան եկել մարզից, այս ամենը լավ կհասկանա, պետք է այս ուղղությամբ աշխատել, վաղն ուշ կլինի. Եգանյան

analitik.am

Զոհրապ Եգանյանն իր էջում գրում է.

«Ներքին միգրացիան Հայաստանը կարող է դարձնել քաղաք պետություն, կամ Երևան պետություն իր շրջակա 29.8հզ քռ կմ տարածքով: Մարդկային մեծ հոսք կա դեպի Երևան ու գալիս են նրանք, ովքեր կարող են տուն գնել մայրաքաղաքում, իսկ մարզերը կամաց-կամաց Սիցիլիա են դառնում, այն իմաստով, որ մնում են միջինից բարձր տարիքի մարդիկ:

Սա լրջագույն հարց է, եթե կուզեք, Արցախը պահելու մակարդակի հարց,զինվորն ամուր է իր դիրքում, երբ գիտի, որ իր թիկունքում գյուղ կամ քաղաք կա: Եկեք հարց տանք մեզ, ինչո՞ւ պետք է մարդը մնա ու ապրի օրինակ Ամասիայում կամ Նոյեմբերյանում, գազի ու լույսի գները նույնն են, աշխատանքի հնարավորությունն անհամեմատ ավելի քիչ, իսկ հանգստի պայմաններ գրեթե չկան: Ինչ պետք է անի պետությունը՝ օր առաջ նախկին շրջկենտրոններում կառուցի, կամ վերականգնի այգիները, ստեղծի ՏՏ կենտրոններ ու կառուցի սպորտկոմպլեքսներ, պարտադիր իր լողավազանով:

Հիմա կասեք, թե ո՞ւր ես հասել, հազար հատ խնդիր կա. Տղեք ջան եթե մարդը չունենա իր հանգիստն ու ժամանցը կամակերպելու հնարավորություն, նա իր երեխային հաստատ դուրս է բերելու ծննդավայրից, եթե մարդը չունենա իր երեխային սպորտի, լողի կամ ՏՏ դասընթացների տալու հնարավորություն, նա հաստատ մտածելու է դուրս գալու մասին: Մեծ գումարներ չեն, կարելի է լավ բան կազմակերպել ու առաջին քայլն անել սահմանամերձ Բերդ, Ճամբարակ, Նոյեմբերյան համայնքներում, ստեղծեք պայմաններ ու մարդիկ կմնան, կաճեն, ինչու չէ շատերս նաև հետ կգնանք: Տեսեք Վրաստանի օրինակը՝ ապրում ես Թբիլիսիիում, թե Քութաիսիում նույնն է, ամեն քաղաք ունի իր մինիմալ պայմանները, իսկ հիմա գնացեք ու ապրեք իմ հարազատ Արթիկում՝ ոչ այգի կա, ոչ լողավազան, ոչ ժամանացի տարրական պայմաններ:

Անհապաղ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացրեք իմ կողմից նշված հարցերը լուծելու համար, հայտարարեք մրցույթ, գնացեք ու խնդրեք Երևանում սպորտային կոմպլեքսներ կառուցած մարդկանց, որ օգնեք ձեզ, միքանիսին ճանաչում եմ, իրենք շիտակ մարդիկ են ու գոնե մարզագույքով հաստատ կօգնեն: Աշխատել է պետք ու ռեալ ծրագրերի ներկայացում: Նիկոլ Փաշինյանն ինքն է Երևան եկել մարզից, այս ամենը լավ կհասկանա, մնում է կանչի իրական կյանքով ապրող իր ենթականերից մեկին ու հանձնարարի այս ուղղությամբ աշխատել, վաղը ուշ կլինի, իրականություն վերադառնալ է պետք:

Ի դեպ՝ վստահ եմ, որ նույնիսկ մտքներովդ չի անցել հաշվել, թե Երևանում կառուցապատման արտոնություն ստացած ու հերթական բազմաբնակարանը կառուցող շենքի բնակարանների քանի տոկոսն են գնում մարզերից, ստեղծում ենք ամեն պայման, որ Երևանը սիրուն ու մեծ լինի, մարզերին ձևական, խնջույքային մակարդակի ուշադրություն է դարձվում»:

Նույն շարքից