Հանգստյան օրերին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն սեմինար էր կազմակերպել լրագրողների համար: Սեմինարի շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ Արտաքին գործերիր նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հաղորդվում է, որ փակ քննարկում է եղել և լրագրողները խոստացել են քննարկման մանրամասները չհրապարակայնացնել: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է արտաքին քաղաքականության, նաև Արցախյան հարցի կարգավորման նրբությունները։
Analitik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշեց, որ չի հավատում հայ իրականության մեջ փակ հանդիպումների հնարավորությանը. «Բնականաբար այն ինչ ասվել է լրագրողներին՝ միևնույնն է տարածելու են, եթե ոչ պաշտոնական լրատվության մեջ, առնվազն հարակից զրույցներում, ասեկոսային ձևավորված ավանդույթների միջոցով: Այսինքն՝ նպատակ կար լրագրողական դաշտը մի փոքր հանդարտացնել, քանի որ պարբերաբար իշխանության դեմ մեղադրանք է առաջադրվում, որ նրանք պատրաստվում են զիջումների գնալ Արցախում»,-ասաց նա։
Միևնույն ժամանակ քաղաքագետը շեշտեց, որ զիջումների սպառնալիք չի տեսնում և չի կարծում, որ ներկայիս կառավարությունն այդ աստիճան հեռու և շեղված է իրողություններից, որ կարող է նման քայլի գնալ:
Քանանյանն այս առումով հանգիստ էր նաև «Սերժ Սարգսյանի պես ապապետական գործչի օրոք», քանի որ որևէ ղեկավար հող չի հանձնելու․ «Կարող է լինեն ղեկավարներ, որոնք կարծեն, թե ի վիճակի են զիջումների, սակայն պնդում եմ, որ գործնականում դա իրականացնել անհնարին է: Ցանկացած կառավարություն և հատկապես կառավարության ղեկավար, ով կհանդգնի գործնականացնել տարածքային զիջումները՝ կզրկվի իշխանությունից մոտակա 10 ժամվա ընթացքում: Մեծագույն հավանականությամբ կկորցնի նաև նաև կյանքը»,-շեշտեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին, Քանանյանը նշեց, ոչ անլուրջ է համարում նրան որպես դիվանագետ․ «Ներկայիս ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի փոխվել և շարունակում է նախորդ երեք վարչակազմերի անհեռանկար դիվանագիտական գիծը: Արտաքին գործերի նախարարությունը պետք է լիովին կադրային մաքրում անցնի մի քանի տարվա ընթացքում: Զոհրաբ Մնացականյանի ասածները ես երկրորդական եմ համարում, քանի որ նա ոչ մի հարց չի լուծում»,-ասաց նա և հավելեց, որ Արցախում ցանկացած գնդապետ ավելի շատ հարց է կարողանում լուծել ԼՂ հարցում, քան Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ նրա, քաղաքական որոշումներ ընդունում է քաղաքական թիմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իսկ Զոհրաբ Մնացականյանն ընդամենը կատարում է այն, ինչ նրան հրահանգվում է:
Քաղաքագետը որպես երկրի թիվ մեկ դիվանագետի տեսնում է այնպիսի ղեկավար, որը կամային կլինի, ոչ թե «Էվարդ Նալբանդյանի պես անողնաշար»: Նաև իր գլխում պետք է ունենա հստակ ազգային շահերից բխող պետականամետ հայեցակարգեր:
Քանանյանը կամային բարձր որակներով օժտված դիվանագետներ ԱԳՆ-ում գրեթե չի տեսնում, և կարծում է, որ կան մարդիկ, ովքեր կարող են այդ առաքելությունն իրականացնել։
Գոհար Ստեփանյան