NordPass ընկերությունը հրապարակել է ամենաթույլ գաղտնաբառերը, որոնք օգտագործել են մարդիկ 2019 թվականին։ Փորձագետները հավաքել են 500 միլիոն գաղտնաբառերի բազա և առանձնացրել դրանցից ամենաթույլ գաղտնաբառերը։ Այս մասին հայտնում է Լենտան։
Ամենատարածված և խոցելի գաղտնաբառերը բաղկացած են թվերի պարզ համակցությունից (12345,111111,123321) կամ QWERTY ստեղնաշարի վրա ուղղահայաց կամ հորիզոնական գիծ ձևավորող տառերի համադրությունը (asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx):
Փորձագետները նշել են, որ սովորական կնոջ անունները որպես գաղտնաբառ օգտագործելն անվտանգ չէ: Պարզվել է, որ ավելի քան 800 հազար մարդ օգտագործում է «password»-ը որպես գաղտնաբառ, ինչը նույնպես հուսալի չէ: Բացի այդ, ցանկում ներառվել են այնպիսի պարզ գաղտնաբառեր, ինչպիսիք են՝ «iloveyou», «test», «princess», «sunshine», «monkey», «family», «football»:
Փորձագետների կարծիքով՝ խոցելի գաղտնաբառերի ցանկում այս տարի ևս եղել են նույն համադրությունները: Նրանք բացատրել են, որ դրա պատճառն այն է, որ մարդիկ չեն ցանկանում հիշել երկար և բարդ գաղտնաբառերը, ինչպես նաև գտնում են, որ թաքցնելու բան չունեն: