Գերմանական ZDF հեռուստաընկերության և «Welt» պարբերականի լրագրողների անցկացրած հետաքննության արդյունքում ավելի քան 135 թենիսիստի անուն է հայտնի դարձել, ովքեր պայմանավորված խաղերի են մասնակցել:
«Խոսքը մասնավորապես վերաբերում է հայկական մաֆիայի գործունեությանը, որն իր ազդեցությունն է տարածել ողջ Եվրոպայում: Սա շատ մեծ ու կազմակերպված ցանց է: Մաֆիան գրեթե իդեալական կառուցվածք ունի՝ կան մարդիկ, ովքեր պատասխանատու են հաշիվների համար, կան գումար լվացողներ, կան նաև մարդիկ, ովքեր անմիջական շփման մեջ են մտնում մարզիկների հետ»,-Բելգիայի գլխավոր դատախազի տեղակալին է մեջբերում «Welt»-ը:
Հայտնվում է, որ հանցագործություններին մասնակից է եղել նաև ATP վարկանիշային աղյուսակի 30-յակում գտնվող մարզիկ, ով արդեն 3 մրցաշար է հաղթել:
Քննությունը, որը անց է կացվել մի քանի երկրում, այդ թվում՝ Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, արդեն մոտենում է ավարտին, արդյունքների մասին կհայտնվի առաջիկա ամիսների ընթացքում: