Հասարակություն Բարի օր 

Մահացել է Վահրամ Թաթիկյանը

Մահացել է բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյանը: Այս մասին իր էջում հայտնում է Վահան Արծրունին:

«Վահրամ Թաթիկյան...

Սրտիցս մի մեծ բեկոր պոկվեց...

... Հիշելու շատ բան կա... Այն կյանքից...
...1975-ին Վահրամիս հետ մեր «կուսակցությունն» էինք հիմնել... Երջանիկ մարդկանց կուսակցություն (ճիշտ է, հումորով էր ամեն ինչ, սակայն դրա տակ լիքը լուրջ բան կար)... «Փակ» (Վահրամն էր ու ես, երկու համանախագահ 🙂 ) կուսակցություն էր, սակայն մեր համախոհները քիչ չէին... Կանոնադրությունն էլ՝ 21 թերթ սպիտակ թուղթ... Տարվա մի կեսին (իմ ծննդյան օրվանից մինչ իր ծննդյան օրը) ես էի «նախագահը», մյուս կեսին(իր ծննդյան օրվանից մինչ իմ ծննդյան օրը)՝ ինքը... Մեր կարգախոսն էր՝ «Երջանկությունը շատ չի լինում»(բայց, կախված տրամադրությունից, տարբեր շեշտադրումով էինք արտաբերում, նոր իմաստ էինք դնում դրա մեջ)...

Որքա՜ն է խոսվել, որքա՜ն է խմվել... Ի՜նչ օրեր և անքուն գիշերներ ենք անցկացրել իր՝ մակերեսով պստիկ, բայց տիեզերքի և իր խալիների պես անսահման, բնակարանում... Սուրբ Մաշտոցի և Մատենադարանի բարձր հովանու ներքո... Բրասանսի, Բրելի, Ազնավուրի ........ Չարենցի, Դպիրի, Զահրատի...... հետ... ու էլ շատերի...

...Հիշեցի Գարուկյան Հենոյին... Մտերիմ ընկերներ էին... Հենոն էլ ժամանակից շուտ հեռացավ... Ամեն անգամ հանդիպելիս՝ մեզ «համոզում» էր իրեն էլ «ընդունել» մեր կուսակցություն... Որքա՜ն էինք ուրախանում, «մերժելով»...

...Վահրամս... Իմաստուն էր... Երեխա էր... Պարզ էր... Բարդ էր... Հակասական էր... Մարդ էր:

... Ցավոք, վերջին տարիներին քիչ էինք շփվում... մի շարք, հիմնականում, իմ ոչ "mobile" կարգավիճակի պատճառով...

Իսկ կյանքն իր հունով է անցնում, մեր սրտերում հուշեր դաջելով»,-գրել է նա:

 

Նույն շարքից