Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ քննարկում են Դավիթ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ հարցը։
Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն իրականում այսօր բավական վիճահարույց է։ Այս մասին իր էջում գրում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Իրավական առումով հետկանչի ինստիտուտ Հայաստանում ներդրված չէ, ըստ որում ոչ անմիջական և ոչ էլ ոչ անմիջական ընտրովի մարմինների մասով։
Ավելին՝ չկա ներդրված այնպիսի չափանիշներ, որոնցով հնարավոր կլինի գնահատել պաշտոնատար անձի գործունեության արդյունավետությունը, որից հետո նոր կարողանանք խոսել հետկանչի ինստիտուտի մասին և հստակեցնել այն։
Այսպիսի պայմաններում հետկանչի ինստիտուտի մասին խոսելն իրավական առումով հիմնազուրկ է և խիստ սուբյեկտիվ։ Այն գնահատականը, որը պետք է դրվի Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ կանչելու հիմքում առավելապես, գոնե այս փուլում, լինելու է սուբյեկտիվ և իրավական տեսակետից չփաստարկված։
Հետաքրքիր կլինի իմանալ, թե Լուսավոր Հայաստանն Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ո՞ր իրավական ակտի, որ հոդվածի, որ նորմի, որ իրավադրույթի համաձայն է պատրաստվում հետ կանչել ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին»,-նշում է նա: