Քաղաքական 

Հայաստանի Հանրապետությունն այսօր չի կառավարվում, կա օպերատիվ կառավարման ճգնաժամ. Արթուր Ղազինյան

Իշխանափոխությունից 1,5 տարի անց ՀՀ նոր իշխանությունները դեռ չեն կարողանում հասկանալ կառավարման կարևորագույն գործառույթների իրականացման տրամաբանությունը՝ կազմակերպում, ղեկավարում և համակարգում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արթուր Ղազինյանը:

Ղազինյանի խոսքերով, այսօր իշխանության բարձրագույն օղակում են գտնվում մարդիկ, ովքեր չունեն վերոնշյալ երեք բաղադրիչների գոնե նվազագույն փորձառությունը և գիտելիքը, հետևաբար ձախողումները, տապալումները, սխալներն անխուսափելի են:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հուզական պոռթկման ժամանակ ասաց, որ չի կարողանում ստանալ իր համար կարևոր տեղեկատվություն: Դա նշանակում է, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում: Եթե պետության ղեկավարը չի կարողանում ստանալ իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ինչ տեղեկատվություն է փոխանցում մեր քաղաքացիներին, երբ խոսում է տարբեր հարցերի վերաբերյալ: Սա նաև տեղեկատվության անվտանգության խնդիր է: Պետության ղեկավարը պետք է համալիր ու ամբողջական տեղեկացված լինի Հայաստանի ներսում, Հայաստանի հետ կապ ունեցող գործընթացների վերաբերյալ»,-նշեց նա:

Բանախոսը վստահ է, որ այսօրվա իշխանությունները հնարավորություն չունեն լուծելու առկա խնդիրները, չունեն հնարավորություն նաև կառավարելու դա. «Հայաստանում այսօր կա օպերատիվ կառավարման ճգնաժամ: Հայաստանի Հանրապետությունը չի կառավարվում: Միգուցե գնահատակաները սուր են, սակայն՝ օբյեկտիվ են»:

Նույն շարքից