Ոչ, ճիշտ չէ, մենք հովանավորներ չունենք, Արմեն Սարգսյանը մեզ չի հովանավորում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին. «Մենք ունենք գաղափարի հովանավորներ, պետության գաղափարի հովանավոր: Խոսքը վերաբերում է յուրաքանչյուր անձի մասին, ով ընդունում է պետության և պետականաության կարևորությունը, պետական ինստիտուտների կարևորությունն ու նշանակությունը, ազգային հիմքերի կարևորությունը, պետության՝ վստահելի և կանխատեսելի գործընկեր լինելու հանգամանքը»:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հետ ալյանս կազմելուն, Ղազինյանը նշեց, որ հայաստանյան լրատվական դաշտն այնքան խոցելի է, որ մեկ պատահական հանդիպումը կարող է առիթ դառնալ մտավարժանքների, հորինված պատմությունների, անունների շահարկման համար. «Եթե ուշադրություն դարձնենք, ամեն ինչը գրվում է կոնկրետ մեկ լրատվամիջոցի կողմից, որը երևի խնդիր ունի մեր կուսակցության գործունեությունը շեղելու հետ»:
«Եթե ձեզ հետաքրքրում է՝ քաղաքական փոխգործակցության վերաբերյալ առաջարկություն եղե՞լ է, թե՝ ոչ, ասեմ, որ չի եղել: Ես չեմ առաջարկում ինչ-որ մի բան, որը կարող է մերժվել: Նման առաջարկություն անելու համար պետք է լինեն անհրաժեշտ պայմաններ: Ես նաև չգիտեմ՝ պարոն Վանեցյանն առհասարակ ունի՞ ցանկություն քաղաքական գործընթացների մեջ ակտիվորեն ներգրավվելու համար, թե՝ ոչ: Դա պետք է ճշտել նրանից: Ես նման հարց չեմ տվել նրան: Մենք ուղղակի պատահական հանդիպել ենք օդանավում ու ուղղակի զրուցել ենք: Որևէ պայմանավորվածություն չենք ունեցել»,-ասաց նա: