Ես վստահ եմ՝ քիչ թե շատ գործընթացներին հետևող, մտածող և գիտակից ցանկացած մարդ տեսնում է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է՝ լինելով բանտախցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ձևավորված հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը, փոխանցում է Tert.am-ը:
«Դուք հետևում եք, տեսնում եք Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները. աչք ունեցողը, ականջ ունեցողը կտեսնի, որ նրա գնահատականները և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական ու մեր երկրի իրական խնդիրներին առնչվող, բացառիկ լայն, ամբողջական հայացքով, փորձառու քաղաքական գործչի տեսակետներ և կարծիքներ են, որոնք, բնական է, որ դանդաղ, բայց տարածվում են հասարակության մեջ»,- ասել է նա:
Հարցին՝ ինչու է համարում, որ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը անհեթեթ է, Աղվան Վարդանյանն ասել է, որ մեկ անձի ցուցմունքով հիմնված մեղադրանքի առաջադրումն էլ ինչ կարող է որակվել:
«Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ պետական ամբողջ համակարգը չի աշխատում, ձախողված է, ըստ վարչապետի, և դարձյալ, ըստ վարչապետի, մի շատ լուրջ ինստիտուտ է կայանում՝ երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վերջին օրերին ականատես ենք եղել, որ բարոյականությունից գանգրենա ունեցողները իշխանության ճյուղերի վրա մնալու համար պատրաստ են ուրանալ, դավաճանել իրենց տասնամյակների ընկերներին: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նախկիններին մերժողները, մեղադրողները այս շատ կարճ ժամանակում էապես գերազանցել են նախկիններին և՛ մենիշխանությամբ ու մեկ անձի իշխանությամբ, և՛ դատարկ մեծամտությամբ ու ինքնավստահությամբ, և՛ աշխատելու անկարողությամբ»,- ասաց նա: