Տեսանյութեր Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են իր ընտանիքի անդամները ստիպված շրջել «ախրանայով»

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց հրապարակումների մասին, որ իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար 2019 թվականի ավտոմեքենա է ձեռք բերվել. «ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքի անդամներն օրենքի համաձայն պետական պահպանության ենթակա անձինք են: Օրենքն ասում է, որ ՀՀ վարչապետն ընդհանրապես չի կարող հրաժարվել պետական պահպանությունից: Ըստ էության, դրանից չեն կարող հրաժարվել նաև վարչապետի ընտանիքի անդամները: Մի դրույթ կա, որ վարչապետի ընտանիքի անդամները կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից»:

Վարչապետի խոսքերով, կարճ ասած՝ վարչապետն ու իր ընտանիքն օրենքով չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից. «Օրենքով պետական պահպանության ենթակա անձի պահանությունն իրականացվում է նաև տրանսպորտային միջոցի կիրառմամբ: Դա նշանակում է, որ պետական պահպանության ենթակա անձը պետք է ուղեկցվի զինված անձանց կողմից, ովքեր ունեն նաև հատուկ միջոցներ:

Պատկերացրեք, որ այդ մարդը երթևեկում է մետրոյով կամ Գազելով, այդ դեպքում ինչպե՞ս պետք է իրականացվի պետական պահպանությունը: Աշխատողները, որոնք կցված են պետական պահպանության ենթակա անձին, պետք է շարժվելու տրանսպորտ ունենա: Ավտոմեքենան, որով շարժվում են իմ ընտանիքի անդամները, իմ ընտանիքի անդամների համար չի գնված, այն գնված է պետական պահպանության ծառայության աշխատողների համար, ովքեր իրականացնում են վարչապետի ընտանիքի անվտանգությունը: Նույն տրամաբանությամբ, մեքենան, որով ես եմ շրջում, իմը չէ, այն պետական պահպանության ծառայությանն է: Հետևաբար աբսուրդ է ասել, որ պետական պահպանության ծառայությունն իմ ընտանիքի համար մեքենա է գնել»:

«Երբ Մարիամը վարորդական իրավունք էր ձեռք բերել, նա մեր 2008 թվականի Նիսսան Քաշքայով էր փորձում շրջել քաղաքում: Այն ժամանակ էլ պետական պահպանության ծառայության ավտոմեքենան նրա հետևից շրջում էր: Ստացվում էր, որ իմ ընտանիքի անդամը շարասյունով է շրջում Երևանում: Դրա համար նա որոշ ժամանակ անց դադարեցրեց դա ու պետական պահպանության ծառայության ավտոմեքենայով է շրջում»,-ասաց վարչապետը, ում խոսքերով խոսքը վերաբերում է 2018 թվականին ձեռք բերված ավտոմեքենաներին, որոնք իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար են. «Ես այն ժամանակ նույնիսկ տեղյակ չեմ եղել, որովհետև դա իմ գործառույթը չի եղել»:

Նույն շարքից