Այս վերջերս մի վերնագիր տեսա, թե Մարիամ Փաշինյանը մեքենայից չի իջնում, քանի դեռ պետական պահպանության աշխատողը դուռը չի բացում: Ես ձեզ համար մեծ անակնկալ ունեմ: Պարզվում է, որ դա պետական պահպանության ծառայության պահանջն է: Ես էլ, որևէ մի տեղ եմ գնում, լինում են դեպքեր, որ ավտոմեքենան կանգնելուց հետո մեկ րոպե անց է դուռը բացվում: Ինչ է, մարդկանց թվում է, որ իմ պագոնները կընկնե՞ն, եթե ես դուռը բացեմ: Անվտանգության որոշակի ընթացակարգեր կան, իսկ մենք հարգում ենք այդ մարդկանց աշխատանքը: Ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սկզբից մի քանի անգամ ինքն է դուռը բացել, սակայն իրեն խնդրել են դա չանել:
Փաշինյանի խոսքերով, մանրամասներն իմանալը կարևոր է, քանի որ մարդիկ կան, ովքեր սխալ մեկնաբանություններ են անում:
Վարչապետը խոստովանեց, որ հարցերը պետք է պարզաբանվեին, ինչը չի արվել. «Դա խնդիր է, ես ընդունում եմ դա: Պետական համակարգը միշտ աշխատում է «գող՝ սիրտը դող» տրամաբանությամբ»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու օրենքը հիմա չեն փոխում, Փաշինյանն ասաց, որ դա անարդար կլինի հետագա վարչապետների համար, քանի որ կարող է այն հետո վերադարձնելու անհրաժեշտություն լինի ու մարդիկ տանջվեն ու բացատրեն, թե ինչու են կրկին ուժի մեջ դնում օրենքը:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ պետական պահպանության ծառայությունը Հայաստանում ստեղծվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, մինչև այդ պետական պահպանության ինստիտուտ չկար, հարցով զբաղվում էր ԱԱԾ-ն: