Երեկ գիշեր դռնից և պատուհանից ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն: Ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ իրավապահներին կոչ անելով շատ արագ պարզել, թե ովքեր են այդ անձինք, ովքեր մտել են խմբագրություն:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ավելի ուշ հայտարարեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը դիտարկում է այս ժամանակահատվածում «սևեր»-«սպիտակներ», մերոնքական-ձերոնքական, ֆեյք-իրական բաժանման շրջանակներում:
Սեյրանյանը հիշեցրեց նաև Yerevan.Today-ում խուզարկությունն ու«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը՝ հույս հայտնելով, որ մամուլի աշխատողներն ինչ-որ իմաստով կձգվեն ու կհասկանան՝ եթե մի լրագրողի, լրատվամիջոցի դեմ նման բան է կատարվում, նշանակում է՝ այն ուղղված է ամբողջ դաշտի դեմ, բոլորս պետք է զգոն լինեն:
Տեղի ունեցածի մասով հայտարարություններ են տարածել տարբեր կազմակերպություններ, խոսել են քաղաքական գործիչներ, սակայն՝ ոչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը դեռ լռում է ու երևի թե ստիպված է լռել: Նա արդեն հասցրել է ուղիղ եթեր մտնել ֆեյսբուքում, մասնակցել ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, ֆեյսբուքյան գրառում անել, սակայն խմբագրության վրա հարձակման մասին լռում է:
Հավանաբար վարչապետը ստիպված է լռել, քանի որ օրինակ «Հայելու» վրա հարձակումից հետո լռեց: Եթե հիմա կառավարության ղեկավարը խոսի, այն տարաբնույթ մեկնաբանությունների առիթ կարող է հանդիսանալ: