Եթե այսօր իշխանությունները հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հանձնարարի անել այն, ինչ նրանք անում էին տարիներ շարունակ, նրանք կանեն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով պատերին «նկար ճպացնելու», քվեախցիկը կրծքով փակելու մասին. «Գերակշիռ մեծամասնությունն անելու է, հանկարծ մեկը թող չասի, որ բոլորի մոտ մտածողության հեղափոխություն է տեղի ունեցել»:
Զոհրաբյանի խոսքերով, վերջին շրջանում որոշ «լժեմոդերնիստներ» շատ արհեստական օրակարգ են առաջ բերում՝ ազգայինը հակասության մեջ դնելով ժամանակակիցի հետ. «Իսկ ո՞վ է ասել, որ դրանք հականիշներ են: Ազգայինը կարող է լինել շատ էլ ժամանակակից: Ես անարխիստ չեմ, բայց ստիպված եմ ցիտել անարխիստ Բակունինի միտքը, որի ամեն բառի տակ ստորագրում եմ՝ «Ժամանակակիցը հակաէսթետիկի և այլասերվածության էպատաժային քարոզը չէ: Քո ինքնության «ես»-ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին, քո ինքնության հանդեպ հիստերիկ բարդույթներ ունենալը բնորոշ է չկայացածներին: Ես տոլեռանդ եմ մինչ այն պահը, երբ չեն ներխուժում իմ անձնական տարածք՝ առանց իմ թույլտվությունն ունենալու»»:
Զոհրաբյանը կարծում է, որ պետք չէ ազգայինը հակադրության մեջ դնել ժամանակակիցի հետ, ինչ-որ իդիոտ տեսքտեր արտաբերել, փորձել «լժեմոդերնիստական» անհեթեթ գաղափարներ ներարկել, ամեն ինչ քանդել. «Քանդելու շատ բան կա, սակայն քանդեք այնտեղ, որտեղ քանդելու բան կա»: