Հասարակություն 

Թելերը բացվում են, կարերը քանդվում, կարճ ասած՝ հագուստ չէ, իսկական փորձանք․ ԱԻՆ աշխատակիցը դժգոհում է նոր համազգեստից

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի աշխատակիցներից մեկը Analitik.am-ի հետ զրույցում դժգոհել է, որ արդեն երկու ամիս է փրկարարներին տրամադրել են կոմբինիզոններ, որոնք ոչ միայն ծանր են, այլ նաև դժվարացնում են աշխատանքը:

«Խմբում կոմբինիզոն ենք հագնում, իսկ խմբից դուրս՝ համազգեստ: Կոմբինիզոնը շատ անհարմարություններ է պատճառում: Նախ զուգարան գնալն է պրոբլեմ՝ չմանրամասնեմ, ուղղակի փորձություն է գնալը: Խմբերում էլ շատ կանայք կան, տեղյակ եմ, ովքեր նույնպես դժգոհ են հագուստից: Խմբում հեռախոսավարուհիներ ունենք, ովքեր հրդեհի մասին ահազանգի պահին տեղում չեն՝ մինչև գալիս են ժամանակ է անցնում, իսկ նրանք փոխարինող չունեն. կարճ ասած մինչև նա զուգարանից գա, երևի հրդեհն էլ կպրծնի»,-ասաց նա:

Աշխատակիցը նաև դժգոհեց, որ իրեն երկու չափս մեծ են տվել, ոտքերին ռեզիններ կան, որոնք ձգվում են, իսկ պարանոցի հատվածում կպչուկ կա, որը վիզն անընդհատ ծակծկում է․ «Պատկերացնո՞ւմ եք, որ կոմբինիզոնը փոքր լինի տղամարդկանց համար...: Աշխատանքի մեջ կոմբինիզոնն անհարմար է, կզվում-դզվում ենք, շարժվում ենք: Իհարկե հարմար է, որ «բայովկեքի» վրայից հագնում ենք, բայց մնացած մասով անհարմար հագուստ է: Շղթաներն անորակ են, շուտ են փչանում, վատ է կարված, թելերը բացվում են, կարերը քանդվում: Կարճ ասած՝ հագուստ չէ, իսկական փորձանք»,-ասաց ԱԻՆ աշխատակիցն՝ առաջարկելով կոմբինիզոնը փոխարինել սպորտային ոճի հագուստով, որը հարմար կլինի թե աշխատավայրում թե հրդեհներ հանգցնելիս․ «Ամենօրյա օգտագործման համար մեր կոմբինիզոններն անհարմար են, հատկապես կանանց համար»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից Analitik.am-ին տեղեկացրեցին, որ կոմբինիզոնները տրամադրվել են առաջին անգամ և պետք էր ուղղակի փորձարկել արդյոք հարմար է կրելու համար, թե՝ ոչ։

Նաև հաղորդեցին, որ ԱԻՆ-ը դիտարկել է փորձարարական նմուշների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև նոր համազգեստից դժգոհությունները: Արդյունքում՝ կտրամադրվեն առավել համար կոմբինիզոններ՝ նկատի ունենալով նաև մարմնի առանձնահատկությունները: Հագուստի երկու հատվածներում կլինեն շղթաներ՝ ըստ անհրաժեշտության արագ բացել-փակելու համար․ «Նոր կոմբինիզոններն ավելի կատարելագործված են լինելու և ավելի հարմարավետ»,-փոխանցեցին ԱԻՆ լրատվականից։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից