Դեկտեմբերի 19-ին Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կատարած աշխատանքից վարչապետի գոհ լինելու, նրան աշխատանքից ազատելու և վարչապետի թիմակիցների կողմից ԱԱԾ նախկին ղեկավարին քննադատելու մասին Analitik.am-ը խոսել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ, ում մոտ հարց է առաջանում, թե որքանով են անվտանգության հետ կապված վարչապետ Փաշինյանի ընկալումները համապատասխանում ԱԱԾ ծառայողների ընկալումների հետ. «Այդ վտանգները կառավարվել են Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ, թե՝ ոչ, իհարկե՝ չգիտեմ, բայց Փաշինյանի գոհունակությունից ինձ ավելի շատ այլ բաներ է անհանգստացնում. Եթե մարդը գոհ է անվտանգության ծառայության աշխատանքից, ինչո՞ւ է պաշտոնից հեռացնում տվյալ ծառայության ղեկավարին: Այսինքն, ինչ-որ անձնական պատճառնե՞ր է ունեցել»:
Քաղաքագետը նշեց, որ նմանատիպ հարցադրումներ էլի կան. «Մի կողմից ասում է, որ գոհ է, բայց մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպիսի լուրջ վերապահումներ կան այդ ծառայության նկատմամբ, իսկ ամենակարևորը՝ եթե խոսենք Սորոսի գրասենյակի կամ այդ գրասենյակի շահերը սպասարկող կառույցների մոտեցումների մասին, ակնհայտ է՝ գրոհ կա ԱԱԾ-ի դեմ, և ըստ էության, Փաշինյանը, գոհ լինելով ԱԱԾ-ի աշխատանքներից, այնուամենայնիվ որևէ կերպ չի նպաստում, եթե չասեմ արգելում է, որպեսզի այդ գրոհները կասեցվեն նույն ԱԱԾ-ի առկա տեղեկատվության հիման վրա»:
Պարոն Շահնազարյանի խոսքերով, իրավիճակը բավականին խառն է և եթե անփոփենք այն, պարզ է դառնում, որ վարչապետը մասնակի պատկերացում ունի անվտանգություն հասկացության մասին. «Փաշինյանը մի օր մի բան է ասում, մյուս օրը՝ մեկ այլ բան, իսկ երրորդ օրն անում է առհասարակ մեկ այլ բան: Կարծում եմ, որ այնուամենայնիվ ԱԱԾ-ի վերաբերյալ Փաշինյանի տված գնահատականները կամ մոտեցումները ցույց են տալիս, որ նա մասնակի պատկերացում ունի անվտանգություն հասկացության մասին, որովհետև մի կողմից գովում է, իսկ մյուս կողմից լուրջ վերապահումների է գնում և չի կասեցնում այդ ծառայության դեմ հարձակումը: Իմ կարծիքով, նաև քաղաքական մեխանիզմներով թույլ չի տալիս, որ ԱԱԾ-ն հստակ բացահայտումներ իրականացնի կոնկրետ Սորոսի գրասենյակի վտանգավոր ծրագրերի մասին»:
Իսկ ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի թիմակիցների կողմից ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ արված քննադատություններին, քաղաքագետն ասաց, որ հենց դա է իր մոտ հարց առաջացնում. «Փաստորեն, Վանեցյանին հեռացրել են ոչ թե որպես գործը լավ չկատարած ԱԱԾ ղեկավարի, այլ՝ ինչ-որ խանդի հողի վրա կամ չգիտեմ ինչից ելնելով:
Եթե պետության ղեկավարն իր էմոցիաներով է առաջնորդվում ու դրանից ելնելով նման քայլեր է անում, ապա անվտանգությանը տված իր գնահատականներն էլ ինձ համար գրոշի արժեք չունեն, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է մարդը հանում կառույցից մի ղեկավարի, որի աշխատանքից գոհ է: Նա դա անում է այլ պատճառներից ելնելով: Այսինքն, նա ուզում է թուլացնե՞լ անվտանգության ծառայությունը: Դրա համար եմ ասում, որ հարցերն ավելի շատ են, քան՝ պատասխանները:
Այն, որ մեր ԱԱԾ-ն պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարդկանց ծառայություն է, դա միանշանակ է: Վստահ եմ, որ սպայի պատիվ կոչվածն ու հայրենասիրության մակարդակն ամենաբարձրներից է մեր պետական ինստիտուտներում, եթե ոչ ամենաբարձրը:
Եվ սա ինձ համար՝ որպես դիտորդի, որպես մարդու, ով մշտապես զբաղվել է մեր երկրի անվտանգության խնդիրներով, ակնհայտ է, բայց Փաշինյանի տված գնահատականները և գործը միմյանց հակասող են, հետևաբար չի կարելի լուրջ վերաբերվել: Առնվազն կարելի է ենթադրել, որ Փաշինյանը չի հասկանում ինչի մասին է խոսում»:
Օֆելի Իսրայելյան