Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրող Մհեր Արշակյանի՝ իր դստեր մասին հոդվածին.
«Մհեր ջան, հարազատ, սխալ ես ընկալում իրականությունը...
Մեր երեխաները ջիփերի կարիք չունեն, մեր երեխաները թիկնապահների կարիք չունեն, պետական առանձնատան կարիք չունեն։
Շուշանը մինչեւ հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետեւ չի ուզում տարբերվել նրանցից։
Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է. «Մամ, հիշում ես չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու», ու ես ընտանեկան մեծ վեճը հետաձգելու համար ամեն անգամ պատասխանում եմ՝ կգաս, կխոսենք, տղաս։
Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ եւ մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է: Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետեւ այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետեւ իրեն համարում է պետությունը։
Արփին մի շաբաթ առաջ ինձ էլի ասաց, որ ուզում է մեր տուն գնանք, որովհետեւ իր այնտեղի խաղալիքներն է ուզում։ Խաղալիքները հետներս բերել ենք, կարծում եմ՝ դու հասկանում ես, թե երեխան ինչն է կարոտում։
Հարազա՛տ, ոչ մի ՊՊԾ ջիփ, ավտոմատավոր մարդկանցով շրջապատված մեծ տուն չի կարող մեր երեխաների համար գայթակղիչ լինել, որովհետեւ նրանց մենք այլ կերպ ենք դաստիարակել, նրանց արժեքային «ցանկը» բոլորովին ուրիշ է։
Եթե նրանք ձգտում էլ են ինչ-ինչ ճոխությունների՝ գիտեն, որ իրենց քրտինքով պետք է վաստակեն դրանք։ Մարիամն, օրինակ, իր աշխատավարձից ինչ-որ գումար մի կողմ է դնում, իր համար մեքենա գնելու նպատակով։
Այս ամենը անկեղծորեն գրեցի, որպես առաջին ձեռքից ինֆորմացիա, որը օգտակար կլինի մեր ընտանիքի մասին տարբեր վերլուծություններ անելիս»,-գրել է նա իր էջում:
«Տիկին Աննա ինչպես տեղեկացա լրատվամիջոցներից ձեր վարսահարդարումը և դիմահարդարումը մեկ տարվա կտրվածքով ՀՀ հարկատուների վրա նստել է մոտ 39 000 դոլար։ Դուք հիմա մեզ հետ անկեղծ չեք»,-գրել է ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը՝ արձագանքելով գրառմանը:
Հակոբյանը, պատասխանելով գրառմանը, նշել է. «Սիրելի Անի, անկեղծ եմ, ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից եւ դիմահարդարումից, եւ ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որեւէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք եւ բոլորը հավանության կարժանացնեք դա»:
Քննարկմանը միջամտել են այլ օգտատերեր ևս, որոնց կարծիքով, Հակոբյանը պարտավոր չէ հաշվետու լինել:
«Պարտավոր են հաշվետու լինել, որովհետև ամբողջ ծախսը իրականացվում է ՀՀ հարկատուների հաշվին։ Կարելի է օգտվել դիմահարդարումից և վարսահարդարումից ուղակի դա չի կարող բյուջեի վրա մի ահռելի գումար նստել։ Մեր պետության մեջ որտեղ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի աղքատ է մենք իրավունք չունենք մեզ շքեղություններ թույլ տալ»,-գրել է Կաղինյանը:
«Պարտավոր ենք հաշվետու լինել, եւ հաշվետու ենք, դիմահարդարման եւ վարսահարդարման համար էլ, կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետեւ պետական բյուջեն տակից չենք թալանում եւ հարստություն դիզում»,-ամփոփել է Անն Հակոբյանը:


