ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։ Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից առաջ, որը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում։
Հանդիպման ընթացքում Պուտինը հիշեցրել է, որ վերջերս՝ դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանը և Բելառուսը նշել են միութենական պետության ստեղծման մասին համաձայնագրի 20-ամյակը: Եվ չնայած փաստաթղթի շրջանակներում չհաջողվեց իրականացնել ամբողջը, սակայն նշանակալի են եղել Մոսկվայի և Մինսկի միջև համագործակցության հաջողությունները:
«Այս փաստաթղթի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները նույնպես նշանակալի են: Երբ մենք սկսեցինք գործընթացը, մեր առևտրաշրջանառությունը կազմում էր 9 միլիարդ դոլար, այժմ այն կազմում է 33,5 միլիարդ»,-ասել է Պուտինը:
Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ իրենք ունեն ընդհանուր սահման և մաքսակետ: Բացի այդ, երկու երկրները ստեղծել են պաշտպանական միասնական տարածք, զորքերի խմբավորում, ինչպես նաև հատուկ տարածք հատուկ ծառայությունների աշխատանքի համար. «Սկզբունքորեն ԽՍՀՄ փլուզմամբ մենք իրարից հեռու չենք գնացել՝ ոչ տնտեսության մեջ, ոչ քաղաքականության մեջ, ոչ էլ սոցիալական ոլորտում: Եվ սա նման պայմանավորվածության մեծ նվաճում է: Մենք փախուստի չենք դիմել»,-նշել է Բելառուսի առաջնորդը: