Հասարակություն 

Ռուսական դպրոցում երեխան խնդիրներ է ունեցել մկրտված չլինելու պատճառով

Չելյաբինսկի դպրոցներից մեկում տարբեր կրոնների հետևորդների նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի մասին դասընթացը վերածվել է դասարանում միակ չմկրտված աշակերտի հասցեին ծաղրանքով: Ինչպես հայտնել է աշակերտի մայրը, դասարանցիները և լավագույն ընկերը հրաժարվել են խաղալ նրա հետ, փոխանցում է «Комсомольская правда»-ն։

Դասի ընթացքում ուսուցչուհին խնդրել է ձեռք բարձրացնեն այն երեխաները, ովքեր մկրտվել են։ Պարզվել է, որ դասարանում գրեթե բոլորը մկրտված են, և միայն մեկ աղջիկ խոստովանել է, որ մկրտության հաղորդությունը չի անցել: Ուսուցչուհին բացատրել է, որ հարգել պետք է բոլորին, սակայն երեխաներն անտեսել են նրա խոսքերը։ Աշակերտուհու մայրը պատմել է, որ դասընկերուհիները նրանից երես են թեքել, քանի որ նրանք «մկրտված են, իսկ իր դուստրը՝ ոչ»:

Աղջկա մայրն ասել է նաև, որ դստեր լավագույն ընկերուհին, ում հետ աղջիկն առաջին դասարանից ընկերություն է արել, ասել է՝ եթե նա դիպչի նրան, ապա կարող է հիվանդանալ։

Կինը նշել է, որ ինքը չի մեղադրում դպրոցի ուսուցիչներին, քանի որ վստահ է, որ աղջկա հարաբերությունները դասընկերների հետ կվերականգնվեն, բայց իրավիճակը նրա համար չափազանց տհաճ է:

Նույն շարքից