Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցությունը տոնում է իր 4 ամյակը:
Լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, խոսելով իր հետագա գործունեության մասին, ասաց, որ երկուշաբթի կուսակցության կառավարման խորհուրդի նիստ է լինելու, այդ ժամանակ էլ որոշումը կկայացվի ու կհրապարակվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԼՀԿ-ն քննարկելու է Դավիթ Խաժակյանին ավագանիից հետ կանչելու հարցը:
Հարցին՝ արդյո՞ք Թեհմինա Վարդանյանի ու Անի Խաչատրյանի հետ քննարկումներ եղել են, ավագանու անդամն ասաց, որ մանրակրկիտ քննարկում չեն ունեցել. «Ես անպայման փորձելու եմ մեր ցանկացած որոշում համաձայնեցնել ու քննարկել իմ գործընկերների հետ, որովհետև իրենց արձագանքն ինձ համար կարևոր է»:
Խաժակյանը նշեց, որ ավագանու վերջին նիստից հետո խոսել է Թեհմինա Վարդանյանի հետ և վերջինիս հայտնի հայտարարությունները որակել է որպես անձնական՝ նշելով, դրա անթույլատրելիությունը. «Տիկին Վարդանյանի վրդովմունքն արդարացիորեն այնքան շատ է, որ նա համարում է՝ դա համարժեք պատասխան է եղել: Պարզապես հանրությունը պետք է իմանա, որ դա յուրովի մոտեցում է, մեր մոտեցումն այլ է»: