Երեկ Ազգային ժողովում կրթության ոլորտի մասին քննարկումների ժամանակ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարեց. «Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»:
Այս հայտարարությանը շատ արագ արձագանքեց Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«ՉԵՄ ՆԵՐՈՒՄ
Խնդրում եմ կարդալ
«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց Սոնա Ղազարյանը։
Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, ձեզ ասում եմ, որ դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ:
Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը /հայրը և մայրը/ միասին են:
Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով/ էջ26/:
Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը/էջ 29/:
Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը/ էջ51/:
Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն /էջ74/:
Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են /էջ 81/:
Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, « որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»:
Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»:
Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:
Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը:
Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել:
Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:
Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:
Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ»:
Սոնա Ղազարյանը, որոշեց անպատասխան չթողնել՝ ներողություն խնդրելով իր ձևակերպումների համար.
«Հարգելի պարոն Սարգսյան,
Տեսա Ձեր գրառումն ու, անկեղծ ասած, հարկ համարեցի արձագանքել մի քանի պատճառով…
Տարիներ շարունակ ամեն շաբաթ «Իններորդ հրաշալիք»-ին եմ սպասել և այն սիրով վերընթերցել…
Ձեր «Հայերենը ափի մեջ շարքի» շնորհիվ է, որ համադասարանցիներիս շրջանակում սեր արթնացրիք լեզվաբանության հանդեպ…
Պարոն Սարգսյան, Ձեր կողմից առաջ բերված փաստարկների հետ համամիտ չեմ, սակայն և չեմ հերքում, որ շատ կոպիտ եմ արտահայտվել…
Ձեր՝ ինձ ուղղված բնութագիրը շատ վիրավորական էր, սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը և վստահ եմ, որ կկարողանանք միասին քննարկել, թե գրքի այդ պատկերներում ինչն է, որ այդքան անընդունելի է իմ և փորձագիտական համայնքի մի քանի ներկայացուցիչների համար:
Պարոն Սարգսյան, տառերի ուսուցման Ձեր մեթոդը շատ լավն է, բայց իմ համեստ պատկերացմամբ այս դասագիրքն ավելի համալիր մոտեցում է պահանջում:
Սիրով կսպասեմ Ձեր արձագանքին»,-գրեց նա:
Այս վերջին գրառման մեկնաբանություններում կարելի է մի քանի հետաքրքիր գրառում տեսնել:
Մասնավորապես խոսքը վերաբերում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանի գրառմանը.
« Դե տղամարդիկ սովոր չեն, որ կանայք վերջապես սկսել են ԱԺ ամբիոնից բարձրաձայնել գենդերային խնդիրներ: Մի քիչ հիստերիայի մեջ կընկնեն, ոչինչ: Իրենց նեղվածությունն ինչ է կնատյացության դիմաց? Պետք չէ ներողություն խնդրել: Եթե այբբենարանն ինձ կերպավորում է զուտ իբրև տնային տնտեսուհի, ես ոչ միայն պատրաստ եմ այն նետել աղբամանը, այլև այրել: Արդեն հոգնել ենք տղամարդկանց կողմից կանանց պատկերումից: Փոփոխության ժամանակն է»,-գրել է նա:


Այստեղ է նաև Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թևանյանի գրառումը. «Զայրույթը հասկանում եմ այդ մարդու, բայց էդ զայրույթի մեջ հենց այն էր արտահայտված, ինչն այդքան արգահատելի ես համարում: Ամեն դեպքում ապրես կոպիտ խոսքդ մեղմելու համար, սպասենք տեսնենք՝ ինքը որքան է բարեկիրթ»:
Ինչպես նաև Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի մեկնաբանությունը. «Սոն, քո բարեկրթությունը սահմաններ չունի ու ափսոսում եմ, որ հաճախ մեր քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ: Դու քո կարծիքի իրավունքը ունես ու պարտադիր չի բոլորը միանշանակ համաձայնեն: Եթե ասողը դու չլինեիր, պատասխանն էլ այսքան կոպիտ չէր լինի. բայց դե էսպիսինն ա երիտասարդ կանանց նկատմամբ վերաբերմունքը: Դու պատասխանատու չես քո խոսքերի վերաբերյալ մարդկանց ընկալումների համար: Կիսում եմ քո մտահոգությունը»: