Հասարակություն Բարի օր 

Հայաստանում աղբի հետ ձևավորվել են ներդաշնակ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է պատերազմ հայտարարել աղբին /տեսանյութ/

Ես չեմ տեսնում, որ մեզ մոտ, մեր երկրում աղբի հետ կռիվ, պատերազմ, կոնֆլիկտ կա: Ես չեմ ասում, որ ՀՀ քաղաքացիները պետք է ավելները վերցնեն, սկսեն ՀՀ-ն մաքրել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կա մակրոմակարդակ, տեղային մակարդակ և անհատական մակարդակ է:

«Իմ արձանագրումն այն է, որ այս մակարդակներում արձանագրված խնդիրները մեկը մյուսի հետ կապված են: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, գլոբալ, տեղային մակարդակում ինչպե՞ս պետք է հանդուրժենք: Սա էկոլոգիական, տնտեսական խնդիր է, սա նաև կառավարման խնդիր է: Սակայն սա նախ քաղաքակրթական խնդիր է: Աղբի նկատմամբ հանդուրժողականությունն է որ Հայաստանում հանդուրժում է կոռուպցիան, չարաշահումները, բազմաթիվ այլ ոլորտների աղբեր»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ինքը հավակնություն չունի մտածելու, թե թեման այնքան խորությամբ գիտի, որ կարող է դատավճիռներ կարդալ. «Ես ուղղակի բոլորիս ու հանրության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա: Հրավիրում եմ նաև մեր կրթական համակարգի ուշադրությունը»:

Փաշինյանի կարծիքով, մինչ այսօր Հայաստանում սովորական երևույթ է, երբ ավտոմեքենայի պատուհանից աղբ են գցում. «Քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել այն քաղաքացին, ով ամեն աղբ գցողին նկատողություն անելն իր պարտքը կհամարի՝ անկախ դրա հետևանքներից, այս խնդիրը մնալու է, եթե նույնիսկ միլիարդներ ներդնենք: Մենք կանխարգելելու խնդիր ունենք, ինչպես՝ կոռուպցիայի դեպքում: Հարցը պետք է լուծվի քաղաքակրթական մակարդակում:

Մեր երկրում շատ երկար ժամանակ աղբի հետ ձևավորվել են ներդաշնակ հարաբերություններ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է: Այս իրավիճակը պետք է փոխվի: Մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք: Ես չեմ ասում, որ մենք պատերազմը «բլից կրիգով» կարող ենք հաղթել, սակայն առնվազն անհատական մակարդակում մենք ներքին անհադուրժողականություն պետք է որդեգրենք»:

Նույն շարքից