Հայաստան Քաղաքական 

Լուսաբացները բարի չէին Ալեն Սիմոնյանի համար

Երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ՝ գրելով «Քչերը գիտեն, որ 2018 թվականի ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանին և մնացածին ձերբակալել էին` այ այս երեքս էինք մնացել փողոցում: Հիմա բոլորին արդեն վաղուց բաց են թողել, իսկ այս երեքս կրկին փողոցում ենք»:

Նշենք, որ մնացած ասելով՝ ԱԺ փոխնախագահը նկատի ունի հիմա իր հարևանությամբ նստող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին:

Այս գրառումից հետո Ալեն Սիմոնյանը հայտնվել է սոցկայքի օգտատերերի քննադատությունների թիրախում: Ընդ որում, Սիմոնյանին խիստ քննադատում են նաև ակտիվ հեղափոխականները՝ հիշեցնելով այն մասին, որ այդ օրերին բազմաթիվ մարդիկ են եղել փողոցում:

Հասկանալով, որ մի բան այն չէ՝ Սիմոնյանը մեկնաբանել է սեփական գրառում՝ նշելով «Ինձ թվում ա թե սմայլիկները և հումորը ոչ բոլորն են նկատել: Ժող հանգիստ եղեք բոլորն էլ փողոցում էին բոլորը հերոս են ուղղակի նկարվել ենք երեքով էտ օրն էինք հիշել»:

Իսկ թե ինչ պետք է հասկանային այս գրառումից այդ օրերին փողոց դուրս եկած քաղաքացիները, ովքեր պայքարում էին նախ ձերբակալված առաջնորդների, ապա նաև փոփոխությունների համար, թերևս գիտի միայն Սիմոնյանը:

Նույն շարքից