Տեսանյութեր Քաղաքական 

Բանակցային սեղանին հիմա դրված է «փուլ առ փուլ» տարեբարակը․ Դավիթ Շահնազարյան

Հայաստանի իշխանություններն ասում էին, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին, սակայն դա արվել էր ոչ պրոֆեսիոնալ ձևով: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ ԼՂ, այսպես կոչված, ադրբեջանական համայանքը լեգիտիմություն է ստանում, ինչի մասին նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Առհասարակ միջազգային հարթակներում այս հարցն առաջ է քաշվում: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքերով, ինքնորոշման հարցը, որն ընկած էր հակամարտության կարգավորման հիմքում, հիմա շատ թույլ է, քանի որ Հայաստանի իշխանությունները դրա մասին գերթե չեն խոսում: Դրա փոխարեն կա թեզ, որը հակասում է ինքնորոշման իրավունքին, թե հարցի որևէ լուծում պետք է բավարարի Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին:

Շահնազարյանը խոսեց նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերի կորստի մասին՝ նշելով, որ այդ օրակարգերով Ադրբեջանը փակուղում էր գտնվում:

Քաղաքական գործչի խոսքերով, այսօր Հայաստանը չի խոսում այն ռազմական գործողությունների վտանգի մասին, որ գալիս են Ադրբեջանի կողմից, չի ասում նաև այն, որ պատերազմը սկսել է հենց Ադրբեջանը:

«Այս քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ստացել է նոր մեծ քանակությամբ փաստարկների զինանոց, որով կարող է արդարացնել իր, այսպես ասած, հերթական, ռազմական հարձակումը»,-ասաց Շահնազարյանը:

Գործիչը հայտարարեց, որ այսօր միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի կողմում են, Հայաստանը՝ մյուս՝ մեկուսացված, ինչն անընդհատ արձանագրվում է. «Սա Ադրբեջանն օգտագործում ու օգտագործելու է իր սպասվող պատերազմական գործողություններն արդարացնելու համար»:

Շահնազարյանը վստահեցրեց, որ բանակցային սեղանին հիմա դրված է «փուլ առ փուլ» տարեբարակը, ինչի մասին ասվել է նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի կողմից. «Դա նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրվում է մի կողմ, կամ ուղղակի առանց որևէ համաձայնություն ձեռք բերելու հետագայում հանրաքվե անցկացնելու մասին, որոշակի քանակույամբ տարածքներ հանձնելու մասին: Այստեղ կարևոր չէ, թե քանի շրջան է վերադարձվելու»:

 

Նույն շարքից