Երևանի կանաչ գոտիները տարիների ընթացքում անճանաչելի են դարձել: Մի մասը սեփականաշնորհվել, հատվել ու կառուցապատվել է, մի մասն էլ պարզապես անխնամ վիճակում է կամ չորացել է:
Ինչպե՞ս վերակագնել քաղաքի կանաչ գոտիները: Բնապահպանության ոլորտում քաղաքային իշխանության վերջին 1 տարվա աշխատանքը հանրայնացված չէր:
«Մինչև այսօր կանաչապատումը կազմակերպվում էր 12 վարչական շրջաններում գործող ՓԲԸ-ների միջոցով, իսկ առկա բյուջեի 80 տոկոսն ուղղվում էր աշխատավարձերին: Եվ ստացվում էր, որ արդյունքը, որ մենք ուզում էինք ստանալ, տեսանելի չէր»,-նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքի բնապահպանական խնդիրներով, այդ թվում կանաչապատմամբ 2020 թվականից կզբաղվի նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկը: Քաղաքապետի որոշման նախագծին Երևանի ավագանին հավանություն տվեց:
Մասնագիտական թիմը քաղաքի կանաչ տարածքների խնամքի ու ոռոգման համար կառաջարկի նոր՝ համալիր լուծումներ: Կանաչապատման նախկին ձեռնարկությունների աշխատակիցներն էլ անգործ չեն մնա և կհամալրեն արդեն նոր հիմնարկի աշխատակազմը:
«ՀՈԱԿ-ը կունենա մոտավորապես 750 աշխատակից, ևս 200 հոգի հնարավորություն կունենա սեզոնային աշխատանք ունենալու: Աշխատակիցների աշխատավարձն էլ նախկինի համեմատ մոտ 2.5 անգամ ավելին կլինի, ինչը հնարավորություն կտա ներգրավել որակյալ մասնագետների»,-ասում է Հրաչյա Սարգսյանը:
Համայնքային հիմնարկը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ:
Կանաչապատման ցանկացած ծրագրի հաջողությունը կախված է ոռոգումից: Այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է օգտագործել մետրոպոլիտենի գրունտային ջրերը, խորքային հորերն ու չգործող պոմպակայանները:
«Արդեն ունենք ոռոգման ցանցի քարտեզագրումը էլեկտրոնային տարբերակով: Բացի այդ, ունենք տարբեր խորքային հորեր, որոնք ժամանակին պետական գույքի կոմիտեն դրանք վաճառել է: Հիմա ձեռնարկել ենք դրանք կրկին համայնքապատկան դարձնելու գործընթաց»,-ընդգծում է քաղաքապետի առաջին տեղակալը:
2020-ին արդեն տեսանելի կլինեն նոր մոտեցումները:
Ոռոգման ցանցերն անցկացնելուց հետո կսկսվեն տարածքների վերականգնման աշխատանքները:
Սարալանջի 10 հա տարածքի նախագիծը պատրաստ է: 2020-ին կկանաչապատվի նաև Աշտարակ-Դավթաշեն ճանապարհահատվածի հարակից շուրջ 4,5 հա: Կվերականգնվեն նաև Աբովյանի և Սարյանի անվան պուրակները:

«Կամայական կանաչապատում Երևանում այլևս չի լինելու: Բոլոր աշխատանքներն ու լուծումները կլինեն միասնական մոտեցմամբ: Քաղաքի միամյա ծաղիկների մեծ մասը կփոխարինենք բազմամյայով: Կունենանք նաև ուղղաձիգ կանաչապատում»,- ասում է բնապահապանության վարչության աշխատակից Գայանե Ներսիսյանը:
Ծիծեռնակաբերդի 8 հա համայնքային հողատարածքում և Արաբկիր զբոսայգում ընթացիկ տարում մեծ ծավալով կոճղաշիվային էտում է արվել: Հաջորդ տարվա ծրագրում ծառերի համալրման խնդիրն է դրված:
Քաղաքի կանաչ գոտիների վերականգնման և քաղաքի զարգացման ծրագրերում են նաև Փարոսի, Սիլիկյան թաղամասի, Նուբարաշենի խճուղու, Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառապաշտպանիչ գոտիները:
Կբարեկարգվի և կվերականգնվի նաև Կոմիտասի անվան այգին:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կառույցը կզբաղվի նաև բնապահպանական կարևոր նշանակության այլ հարցերով, մասնավորապես աղբի տեսակավորմամբ, այդ թվում՝ վտանագվոր թափոնների:
2020-ը Երևանի բնապահպանական խնդիրների լուծման համար կլինի շրջադարձային: Իսկ արդյունքները տեսանելի կլինեն արդեն նոր տասնամյակի առաջին տարիներից: