Մեր հանրությանը պետք է պատրաստել պատերազմի: Մեր հանրությունն այդ պատերազմի վտանգը չի տեսնում: Իշխանությունները վստահեցնում են, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնպիսի մակարդակի է հասել, որ նման երկրի վրա հարձակումը բացառված է: Նրանք համոզում են, որ ժողովրդավարական իմիջի ընկալումն է անվտանգությունն ապահովում: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հասկանալի է, որ այս տեսությանը որևէ մեկը չի կարող հավատալ: Բացի դրանից, այդ ժողովրդավարության ընկալումն էլ այնպիսին չէ, ինչպես ներակայացվում է մեր հանրությանը: Հայաստանում սակայն կա հանրության մեծ մաս, որը կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանին և հավատում է, որ Ադրբեջանը երբեք չի համարձակվելու հարձակվել Արցախի վրա, իսկ հակամարտությունը լուծվելու է Նիկոլ Փաշինյանի թելադրանքով: Իսկ վերջին 1,5 տարվա ընթացքում Ադրբեջանը մեկը մյուսից մեծ ռազմական զորավարժություններ է անցկացրել: Ամեն ինչ արել է պատերազմին մասնակցելու համար և ժամանակ չի կորցրել: Նրանք աշխատել են և ռազմական, և դիվանագաիտական և ներքաղաքական ասպեկտների ուղղությամբ, որպեսզի չունենա տհաճ անակնկալներ: Իսկ եթե անգամ նման անակնկալներ լինեին, նրանք մշակում են ուղիները, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հնարավոր հետևանքների չեզոքացումը»,-ասաց բանախոսը:
Մելիք-Շահնազարյանի խոսքերով, այսօր միջազգային հանրությունն ու Ադրբեջանը խոսում են մեկ լեզվով, իսկ Հայաստանը՝ մեկ այլ, միջազգային հանրությունը հակադրվում է մեր պետական շահերին. «Դրան հասնելու համար Ադրբեջանը մեծ ջանքեր չօգտագործեց, նրանք օգտվել են փաստից, որ Հայաստանի նոր իշխանությունները գաղափար չունեին բանակցային գործընթացից, առկա վտանգներից: Ադրբեջանն արագ վերացրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այդ ամենը փոխարինեց վերելակային պայմանավորվածություններով: Դրանից հետո Բաքուն արդեն սկսեց օգտագործել իր աշխարհագրական դիրքը, ռեսուրսները, փաստը, որ ՌԴ-ն ցանկանում է իրեն տեսնել ԵԱՏՄ-ում, Թուրքիայի բարեկամությունը: Նրանք չեզոքացրեցին ապրիլյանից հետո կրած հետևանքները, հետո սկսեցին համոզել, որ իրենք կարող են հարցը լուծել պատերազմի միջոցով, բայց զիջող կողմ են ու խաղաղասեր: Այսօր Հայաստանը փաստորեն դիվանագիտական պաշտպանվածություն չունի»:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն օգտվեց վերելակային պայմանավորվածությունից, որ իրար վրա կողմերը չեն կրակելու և դիրքերն ամրապնդեց շփման գծում. «Նրանք ամբողջ առաջնագծով ստեղծել են կառույցներ, որոնք կօգնեն ամեն պահ անվտանգ հարձակում իրականացնել»:
Բանախոսը նշեց նաև այն մասին, որ Ադրբեջանը ռազմական գործողություններին մասնակցում է նաև ներքաղաքական կյանքում. «Ալիևը պատրաստվում է երկրի ղեկավարին դարձնել Մեհրիբան Ալիևային, եթե հանկարծ հնարավոր պատերազմում Ադրբեջանը պարտություն կրի: Ալիևն ուղղակի չի կարող երկրի ղեկը տալ իր ընտանիքից դուրս որևէ մեկին»: