Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանի հայացքն ուղղված է միայն ներքաղաքական կյանք, նա արտաքին վտանգները գնահատելու ռեսուրսներ չունի: Իսկ պատերազմը մինչև հիմա չկա հայկական բանակի մարտունակության շնորհիվ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Անգամ այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ կարող են քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ, շատ լավ գիտեն, որ դա չեն կարող անել հայ ժողովրդի, մեր անվտանգության կարևորագույն ինստիտուտների հետ: Բոլորը հակադրվելու են այդ ծրագրին, բոլորը, առանց իշխանության աջակցության, ունեն Ադրբեջանի հակահարված տալու պոտենցիալ, որն ամեն օր նվազում է, քանի որ Հայաստանում կարևորագույն ինստիտուտների կազմաքանդման գործընթաց է սկսվել: Տեղի են ունենում փոփոխություններ, որոնց արդյունքում ամեն ինստիտուտը կամ հանձնվում է արտաքին գործակալական ցանցից շահերը հետապնդող կազմակերպություններին, փոխվում է արժեհամակարգը, փոխվում է մեր պետության քաղաքականության տրամաբանությունը»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքերով, հիմա պետք է պարտադրել Հայաստանի իշխանություններին զբաղվել համապատասխան օրակարգով, իսկ եթե դա նրանք չեն անում, պետք է հեռանան՝ իրենց տեղը զիջելով մարդկանց, ովքեր հասկանում են վտանգների էությունը, և այն հետևանքը, որը կլինի, եթե դրանց չհակազդեն։