Տեսանյութեր Քաղաքական 

Այս իշխանությունը հստակ հետագիծ չունեցող գյուլլա է. Հայաստանում առնետի տարին սկսվել է 2018-ի ապրիլին. Արմեն Աշոտյան

2020 թվականը չինական աստղագուշակով առնետի տարի է, սակայն Հայաստանում առնետի տարին սկսվել է 2018 թվականի ապրիլից: Մենք ապրում ենք քաղաքական առումով առնետի աստղակերպի տակ, որովհետև դավաճանությունը, ճամբարափոխությունը, ամենի կուրացումը դարձել է նոր քաղաքական թրենդ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

«Ես չեմ վախենում, որ ինձ հետ ժամանակին մտերիմ եղած ինչ-որ մի մարդ կարող է գնալ ու ինչ-որ վատ բաներ պատմել: Խնդիրն այն է, որ այս իշխանությունը քայքայում է արժեհամակարգային մատրիցան, ներմուծում է ճշտի ու սխալի նոր ալգորիթմ, բարոյականի ու անբարոյականի նոր ալգորիթմ, որը քայքայում է Հայաստանում եղած սոցիալական կապերը»,-ասաց նա:

Բանախոսի խոսքերով, ցանկացած հասարակություն ունի իր կառուցվածքը, անգամ՝ ամենաժողովրդավարները. «Հայաստանում իշխանափոխությունից հետո բոլորս մեր բջիջներից դուրս ենք ընկել: Այս իրականությունն է, որ թույլ չի տալիս կանխատեսումներ անել 2020 թվականի համար: Մենք առավոտյան արթնանում ենք մի օրակարգով՝ չիմանալով, թե օրն ինչպես է ավարտվելու: Այս իշխանությունները՝ ծանրության կենտրոնը կորցրած գնդակ են ու չունեն հստակ հետագիծ: Պարզ է, որ հստակ հետագիծ չունեցող գնդակները՝ ամենավտանգավորն են մարդու մարմնի համար, որովհետև անընդհատ փոխում են իրենց հետագիծը: Այս իշխանությունը, այդպիսի գյուլլա է, գնդակ»:

Նույն շարքից