Սփյուռքի նախարարության լուծարումից ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ձևավորումից հետո պարզ դարձավ, որ գրասենյակը մոտ երկու անգամ ավելի մեծ ֆինանսավորում ունի, քան՝ ուներ Սփյուռքի նախարարությունը հեղափոխությունից առաջ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում «Հայաստանը 2020-ի նախաշեմին. մարտահրավերներ, հնարավորություններ, զարգացման սցենարներ» խորագրով տարեվերջյան համաժողովի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Մալյանի խոսքերով, Սփյուռքից երկու ակնկալիք կարող է լինել՝ ներգաղթ ու ներդրումներ. «Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը, պատասխանելով հարցին, թե ինչ են արել այս ընթացքում այդ նպատակի համար, ասել է, որ ծախսերն արվում են, որպեսզի բարելավվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Արդյո՞ք Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարելավվելու կարիք ունենք, եթե այո, ինչ ֆորմատում: Արժե արդյո՞ք Հայաստանում պահել բավականին լուրջ ֆինանսավորում պահանջող գրասենյակ, որպեսզի բարելավվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները»:
Բանախոսներից Միհրան Հակոբյանն ասաց, որ չարժե մեկնաբանել Զարեհ Սինանյանի փոքրիկ զառանցանքը, որը նա թույլ է տվել. «Ոչ էլ արժե քննարկել այն, որ տարիներ շարունակ Հայաստանում նախկին ընդդիմությունը, արտասահմանից վճարվող քաղհասարակությունը 10 տարի շարունակ ասել է, որ Սփյուռքի նախարարությունը «պարապ գործերի նախարարություն է»: Իշխանության գալուց հետո նախարարությունը լուծարվեց, ստեղծվեց գրասենյակ, պարզվեց, որ այդ կառույցի ֆինանսավորումը շատ ավելի մեծ է, քան՝ նախարարի կարգավիճակ ունեցող կառույցի»:
Հակոբյանի խոսքերով, պետք է խնդրին մոտենալ այլ տեսանկյունից. Վարչապետը ժողովրդի հարկերից գոյացած բյուջեին վերաբերվում է որպես իր ընտանեկան բյուջեի. «Զարեհ Սինանյանն իր փայն է ստանում որպես սահմանադրական կարգի տապալմամբ պետական հեղաշրջման մասնակից: Այդ մարդը համարում է, որ ինքը ներդրում ունի պետական հեղաշրջման գործընթացին և ինչպես Նիկոլ Փաշինյանն է իր փայը ստացել, այնպես էլ ինքն է իր չափի մեջ վերաբերվում Հայաստանի պետական բյուջեին: Նա այլ երկրի քաղաքացի է, ով այլ երկրում Հայաստանի դեմ ցույցեր է կազմակերպել, ստահոդ տեղեկություններ է տարածել: Իսկ հիմա եկել է Հայաստան իր փայը ստանալու համար: Այս մեկ տարվա մեջ նա միայն աշխատավարձ է ստացել, մարդիկ իրենց փայն են ստացել հեղափոխությունից: ՀՀ քաղաքացիները պետք է ընդունեն՝ առավոտից երեկո պետք է աշխատեն, որպեսզի Զարեհ Սինանյանը Լոս Անջելոսի աշխատավարձ ստանա»։