Հայաստան Քաղաքական 

Պետք է մի փոքր համբերել՝ և՛ իշխանության ճամբարում, և՛ հակաիշխանականում տեղի ունեցող խմբավորումներն ավարտվեն. Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը համաձայն չէ, որ 2018 թվականին տեղի է ունեցել պետական հեղաշրջում:

«2018-ին ընդամենը փողոցի ճնշման արդյունքում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, համաձայն չեմ, որ դա պետական հեղաշրջում էր, որովհետև նոր իշխանությունը ձևավորվել է գործող խորհրդարանի կողմից՝ ՀՀ սահմանադրական նորմերի շրջանակներում, մյուս կողմից, ճիշտ չէ, որ դա հեղափոխություն էր:

Տարիուկես անցել է, և մենք ականատես չենք եղել որևէ հեղափոխական մոտեցման, ընդհակառակը՝ բոլոր արատավոր երևույթները, որոնք կային մեր կյանքում, իներցիայի ուժով շարունակվում են, տեղ-տեղ ավելի խորանում ու տեսանելի են դառնում այն պատճառով, որ նախ նոր իշխանությունները չեն հասկանում, որ պրոբլեմների մեծ մասն օբյեկտիվորեն կա և իրենք չունեն փորձ դրանք լուծելու», -«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ կան հեղափոխությունից հիասթափվածներ ու նույնիսկ նեղացածներ, որոնք դեմ չեն հանդես գալ այլ դիրքերից:

«Այս բոլորին, պայմանական ասած «սևերին», միավորում է մի բան՝ նրանք դեմ են Նիկոլ Փաշինյանին և Փաշինյանի կառավարությանը: Եթե մենք այս իրավիճակում ունենանք արտահերթ ընտրություններ, խորհրդարանի կազմը շատ չի տարբերվելու ներկայիս կազմից, քանի որ անկախ նրանից՝ ինչ արդյունք կունենանք, այդ բոլոր խմբերը ձևավորված են լինելու «ինչ-որ բանին դեմ» սկզբունքով: Մեզ պետք է մի փոքր համբերել, որպեսզի և՛ իշխանության ճամբարում, և՛ հակաիշխանականում տեղի ունեցող խմբավորումներն ավարտվեն ու գործ ունենանք բյուրեղացված, արդեն որոշակի շահերի խմբերի հետ, որոնք կունենան «հանունի» օրակարգ», - ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Արմեն Մինասյանը նշեց, որ թեև ՀՀ-ն շարունակում է առաջ ընթանալ, բայց հարևաններն ավելի արագ են առաջ գնում, և անհրաժեշտ է հասնել ու անցել հարևաններին, եթե կա ակնկալիք անվտանգային հարցերը լուծելու:

«Առանց ֆունդամենտալ բարեփոխումների՝ մենք ի վիճակի չենք լինելու ժամանակակից աշխարհում լինել մրցունակ», - ասաց քաղաքագետը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է ճիշտ օրակարգ սահմանել:

Նույն շարքից