Այն ժամանակ, երբ Անգլիան սկսեց իր կայսրությունը կառուցել, հայ առևտրականների նավատորմն Անգլիայի նավատորմից մեծ էր: Այս մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասաց «Վերնատուն» ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ հայերի նավատորմն, իհարկե, միասնական չի եղել, ամեն մեկն իր նավն է ունեցել:
«Անգլիայում այն ժամանակ ընդունված էր, որ ոչ անգլիացին իրավունք չունի դառնալու բանակի սպա: Անգլիայի խորհրդարանը որոշում կայացրեց՝ հայերին թույլ տալով դառնալ անգլիական բանակի սպա: Նրանք ասացին «եթե հայերը մեզ հետ չլինեն, մենք չենք կարող գրավել Հնդկաստանը: Հնդկաստանի առևտուրն ամբողջությամբ հայերի ձեռքում է»»,-պատմեց Մանուկյանը:
«Երբ Անգլիան գրավեց Հնդկաստանը, ուզեց հայերից ազատվել, և Հնդկաստանի պատմության մեջ շատ կարևոր մի էջ տեղի ունեցավ՝ Բենգալյան ապստամբությունը, երբ Գեորգին Խանի ղեկավարությամբ 12 կորպուս կռվեց Անգլիայի դեմ. «Դա եղել է Անգլիայի ու Հնդկաստանի առաջին մեծ կռիվը: Գեորգին Խանը հայ էր, 12 դիվիզիաներից մեկը եղել է լրիվ հայկական»,-հավելեց բանախոսը:
Մանուկյանը նշեց, որ պետք չէ մոռանալ նաև այն ներդրման մասին, որը հայերն ունեցել են մշակույթի և մյուս ոլորտներում. «Հետևաբար, երբ մենք ասում ենք եվրոպական մշակույթ, պետք է իմանանք, որ դրա մի զգալի մասը նաև մերն է, նաև մեր սեփականությունն է»: