Հասարակություն 

Սոնա Ղազարյանն անգամ լուսանկարի և նկարի տարբերությունը չի հասկանում. գրականագետը՝ Իմ քայլի պատգամավորի մասին

Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է: Այս մասին օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Analitik.am-ի հետ զրույցում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ որոշ մարդիկ պարզապես թեմա չունեն ներկայացնելու և կառչում են ինչից պատահի և ինչպես պատահի. «Պատգամավորը խոսում է այբբենարանի մասին և ասում է լուսանկարներ, երբ այդ այբբենարանում նույնիսկ նմուշի համար լուսանկար չկա, միայն նկարներ են: Եթե Սոնա Ղազարյանն անգամ լուսանկարի և նկարի տարբերությունը չի հասկանում, ի՞նչ մեկնաբանեմ ես այդ պատգամավորին»,-ասաց գրականագետը:

Նիկողոսյանը նաև նշեց, որ որևէ մեկը՝ անկախ պաշտոնից, իրավունք չունի նման բառապաշարով արտահայտվել դասագրքի, նաև՝ հեղինակի մասին. «Մի մոռացեք, թե Վաչագան Սարգսյանի դասագրքերով քանի սերունդ է կրթվել ու տառաճանաչ դարձել»,-ասաց նա:

«Իսկ Սոնա Ղազարյանն այդ տեսակ բառապաշարով հարձակվում է մի մարդու վրա, որի այբբենարանով երևի ինքն էլ է տառերը սովորել»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է դասագրքերին, գրականագետը կարծում է, որ դասագրքերը թեթևացնել և նորովի լուծումներ գտնել պետք է. «Անգամ մեր սիրելի Վաչագան Սարգսյանի այբբենարանը պետք է փոխվի, նորանա, համապատասխանի նոր սերնդի պահանջներին, բայց որևէ մեկն իրավունք չունի այդպես արտահայտվել այդ դասագրքերի և հեղինակի մասին: Այլ հարց է, որ ես կողմ եմ դասագրքերը փոխելուն, ես դեմ եմ նման վերաբերմունքին գրքի և անձի հանդեպ»,- շեշտեց Նիկողոսյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից