Մեր տղամարդիկ աշխատում են, իսկ աշխատող և չաշխատող կանայք ճաշ են եփում: Հիմա դասագրքերում կե՞ղծ իրականությունը ներկայացնեն։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանն՝ անդրադառնալով Իմ քայլի պատգամավոր Սոնա Ղազարյանի այն դիտարկմանը, թե այբբենարանի լուսանկարներում կանայք ճաշ են պատրաստում, իսկ տղամարդիկ աշխատում են:
Նա նշեց, որ ուսուցիչները ներկայացնում են իրականությունը և չեն կարող ներկայացնել մի իրավիճակ, որն իրականում գոյություն չունի. «Երբ իրավիճակը փոխվի՝ տղամարդիկ երեխաներին պահեն, ճաշ եփեն, գոգնոց կապեն, իսկ կանայք ծանր աշխատանք անեն, այդ ժամանակ դասագրքերը կարտացոլեն այդ իրականությունը: Իսկ հիմա դասագրքերը կեղծ իրականություն չեն կարող ներկայացնել»:
Իսկ պատգամավորի հաջորդ դիտարկմանը, թե ուսուցիչն աղջիկներին ասում է համեստ եղեք, իսկ տղաներին լաց մի եղեք, տղամարդ ես. ըստ նրա, շատ երկրներում է ընդունված նման դերային բաժանումը, ոչ միայն Հայաստանում:
Ըստ նրա, այդպես է օրինակ Ռուսաստանում, սակայն արևմուտքի երկրներում այդ հարցերին պակաս ուշադրություն են դարձնում․ «Մենք մի քիչ ավանդապահ ժողովուրդ ենք: Մեզ մոտ այս հանգամանքները բարձր են գնահատվում: Բայց միշտ չէ, որ այս դիրքորոշումներն աշխատում են»,-ասաց հոգեբանը:
Հարցին, թե ինչու է 25-ամյա պատգամավորն այդ կերպ վիրավորել Այբբենարանի հեղինակ Վաչագան Սարգսյանին, Խուդոյանը չբացառեց, որ Սոնա Ղազարյանը պատվեր է կատարում․ «Մի քիչ կոռեկտ կարելի էր արտահայտվել։ Վ. Սարգսյանի Այբբենարանը տարիներ շարունակ ծառայել է իր նպատակին և ես առաջին անգամ լսեցի, որ բողոք կա գրքից»,-ասաց նա:
Հոգեբանը դիմեց Սոնա Ղազարյանին՝ ասելով. «Դու այս ոլորտում փորձագետ չես, հետո ինչ, որ պատգամավորի մանդատ ես ստացել: Դա նշանակում է, որ իրավունք ունես մարդկանց վիրավորե՞լ։ Նրանց տարիների վաստակն աղբամանը շպրտել, ինչպե՞ս կարելի է»,-ասաց նա և ավելացրեց՝ եթե պատգամավորն ինչ-որ բան չի հավանում, չի նշանակում, որ դա սխալ է կամ վնասակար:
Ի դեպ, Analitik.am-ը հարցում է կատարել ԿԳՄՍՆ այն մասին, թե 2013 թվականի որ հետազոտության արդյունքներն է պատգամավոր Սոնա Ղազարյանը մեջբերել։ Հարցմանն ի պատասխան նշեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը նման հետազոտություն չունի:
Գոհար Ստեփանյան