Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանն իր էջում գրում է. «Այսօր տարածվում է տեղեկություն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։ Նշեմ, որ վարույթը հարուցվել է դեռևս ամսի 9-ին ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հիման վրա, որտեղ նշվում էր, թե իբր Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ շուրջ 1 տարի նաև հանդիսացել է «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն։
Ուրեմն՝ «Ժողովուրդը» տարածել է ապատեղեկատվություն՝ այն հիմնավորելով կասկածելի (գուցե անգամ կեղծված) փաստաթղթի նկարով, հետո ապատեղեկատվությունը նույնությամբ արտատպել են մի շարք ԶԼՄ-ներ, հետո դա տարածում են որոշ քաղաքական գործիչներ և այսպես շարունակ․․․ Մինչդեռ, վճարելով ընդամենը 3000 դրամ, կարելի է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից ստանալ ընկերության ամբողջական տվյալները և սեփական աչքերով տեսնել, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերի 3-ին գրանցվել է տնօրենի փոփոխություն, իսկ 2018 թ. հոկտեմբերի 10-ից ընկերությունը ղեկավարում է այլ անձ (տնօրենին փոխելու մասին միակ մասնակցի որոշումը` մեկնաբանության մեջ):
Ես բոլորիդ համար այդ հարցումը արել եմ, խնդրեմ՝ պետական գրանցամատյանից քաղվածքն առ 18․12․2019։
ՀԳ ամսի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացվել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»։

