Տեսանյութեր Քաղաքական գլխավոր 

Քրեական ենթամշակույթի տարրերը ներթափանցել են ֆուտբոլ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշեց, որ կառավարությունում շատ են ֆուտբոլի երկրպագուներն ու իրենք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում․ «Ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի:

Հայաստանում արտահայտված բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում և մեր ազգային հավաքականը կարտահայտի մեր ազգային ու պետական հավակնությունները: Բացի դրանից, ես կարծում եմ, որ երեկ կայացած ընտրությունը կարևոր էր, քանի որ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և ախտազերծումը կոռուպցիայից:

Ցավոք շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող շրջանակները և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են ու ներթափանցում են սպորտի, ֆուտբոլի բնագավառ: Մենք պետք է այստեղ ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Մելիքբեկյանը սկզբունքորեն նշյալ գծին հետևողական կլինի:

Կառավարության ղեկավարը նաև նշեց հնարավորությունների զարգացման մասին՝ ընդգծելով, որ բազմաթիվ երիտասարդներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնել ֆուտբոլում. «Կարևոր է, որ մենք ռեալ զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը, նաև որպես հանրային կարգի կարևոր ատրիբուտ: Իհարկե ֆեդերացիան գործում է կառավարությունից անկախ, սակայն կարծում եմ, որ ընդհանուր պատկերացումները լայն հնարավորություն է ստեղծում համագործակցության համար»:

Նույն շարքից